Ինչու Հայաստանը պաշտոնապես չի դիմում ՀԱՊԿ-ին․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր հուլիսի 17-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ձևավորվում են կամավորական խմբեր, որոնք պատրաստ են ցանկացած պահի գալ Հայաստան և մասնակցել սահմանի պաշտպանությանը:

Ըստ լիբանանյան մեր աղբյուրի՝ Բեյրութում արդեն այդպիսի մի քանի խումբ է ստեղծվել, որոնք ունեն մարտական գործողությունների մասնակցության փորձ և տիրապետում են խորհրդային արտադրության զենքին»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը ՀԱՊԿ արձագանքին և նշել․« «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուլիսի 14-ին հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ «Այս իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանային դրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր: Ընդգծում ենք հրադադարի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշված էր հայտարարության մեջ։

Նկատենք, որ այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ տարբեր քաղաքական շրջանակների կողմից: Շատերը պնդեցին՝ քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, ապա կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ աներ դադարեցնել կրակը։ Ի վերջո, ինչպե՞ս պետք է ՀԱՊԿ-ն արձագանքեր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին:

Այսպիսով, ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր անդամ-պետությունները այդ անդամ-պետության խնդրանքով անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»: Բացի այդ, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, սակայն նկատենք, որ պաշտոնական Երևանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը միայն հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որից հետո էլ ՀԱՊԿ-ը նիստ էր գումարել և ընդունել վերը նշված հայտարարությունը: Այսինքն, ստացվում է՝ այս փուլում, քանի դեռ Երևանը պաշտոնապես չի դիմել կառույցին, վերջինս չի կարող որևէ կերպ օգնել Հայաստանին: Իսկ երեկ Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, թե այդ կառույցին դիմելու անհրաժեշտություն չկա:

Այս ամենին զուգահեռ նկատենք, որ ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են չեզոք, ոչ մի անգամ այս կառույցը հստակ չի մատնանշել մեղավոր կողմին և մշտապես կոչն ուղղել է երկու կողմերին։ Եվ, ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը միակը չէ, որտեղ ՀԱՊԿ-ն չեզոք ու անհասցե ձևակերպումներ է օգտագործում: Եվ, փաստորեն, որքան էլ ՀԱՊԿ կանոնադրությունում հստակ է օգնություն տրամադրելը, դրա համար պաշտոնական Երևանի դիմումն է անհրաժեշտ»:

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործին և նշել, որ իր տեղեկություններով՝ «գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. հարցաքննվել են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Եվ, ահա, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ էր արձակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրեական գործով հարցաքննվել են նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղեկալներ Տիրան Խաչատրյանն և Ստեփան Գալստյանը: Իսկ թե ինչ են ասել նրանք իրավապահներին, մեզ չհաջողվեց պարզել, սակայն նշենք, որ ԱԱԾ-ում տարբեր պաշտոնյաներ ցուցմունքներ են տվել և հայտնել, որ ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը»:

«Փաստ» թերթը գրում է. «Փորձագետներն ասում են՝ ադրբեջանական հերթական սադրանքներն ու արկածախնդրությունը անսպասելի չէին. ահաբեկչական ու ռազմատենչ հռետորաբանություն ունեցող երկրից, որտեղ ահռելի ներքին խնդիրներ են կուտակվել, այլ բան սպասել չի կարելի:

Սակայն առանձնահատուկ վերաբերմունքի է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակը թիրախավորված հարվածել է Հայաստանում ապրող խաղաղ բնակչությանը։

Սա պետք է լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Երկու կողմին ուղղված՝ զսպվածության, բանակցությունների սեղան վերադառնալու ստանդարտ կոչերը հասկանալի են ու ոչ անակնկալ:

Սակայն ներկայումս գործ ունենք ագրեսոր երկրի հետ, որը թքած ունի իր զինվորների ու իր ժողովրդի կյանքի վրա և պատրաստ է կրակել հակառակորդ երկրի խաղաղ բնակչության վրա:

Այո՛, մարտունակ ու հզոր է հայոց բանակը, այո՛, Հայաստանի ու Արցախի սահմանին ապրող յուրաքանչյուր ոք անսասան է, երբեք չի ընկճվի, մեկ մետր անգամ չի հեռանա իր՝ թեկուզ թշնամու ագրեսիայից վնասված տնից, այո՛, կարճ ժամանակում կվերականգնվի ամեն մի վնասված տուն, ինչպես պաշտոնապես ասվեց՝ կարիք լինի, նորը կկառուցվի, կվերականգնվի ամեն մի վնասված քար ու տանիք:

Իսկ պատմության մեջ կմնան իրենց հողը թշնամուց պաշտպանող հայ զինվորի, հայ կամավորի, հայ հողագործի հերոսականությունն ու հակառակորդի նենգությունը, վայրագություններն ու անմարդկային տեսակը:

Չեն կարող լինել երկակի ստանդարտներ: Միջազգային հանրությունն ի վերջո պետք է հասկանա, որ առկա է տարածաշրջանի և աշխարհի համար վտանգ ներկայացնող, միջազգային որևէ կոնվենցիա չհարգող, ռազմատենչ միավոր՝ ի դեմս արհեստածին Ադրբեջան պետության և դրա ղեկավարության»: