Հայաստանի հետ եմ. Քիմ Քարդաշյան

«Չնայած շարունակվող համաշխարհային պանդեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում կրակի դադարեցման կոչը և հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները և հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ռեալիթի շոուների ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը:

«Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

Միջազգային հանրությունը պետք է միջամտի, և օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել», -ընդգծել է Քարդաշյանը:

Իր հերթին ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում գրել է, որ Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ պանդեմիայի ֆոնին: