Դսեղի կամրջի մոտ մեքենան ընկել է գնացքի վազորդի վրա․ կան տուժածներ

Հուլիսի 18-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղի կամրջի մոտ՝ ջրաղացների մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վազորդի վրա։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Հ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ բարձրությունից ընկել գնացքի վազորդի վրա, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը (Նարեկ Հ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել են ավտոմեքենան գնացքի վազորդի վրայից։