Ուրուգվայի իշխող Ազգային կուսակցությունը երկուշաբթի օրը կքննարկի Հայաստանի սահմանում տիրող իրավիճակը

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանն են անդրադարձել Ուրուգվայի տպագիր և էլեկտրոնայի մամուլում և սոցցանցերում: Երկրի Սենատում ընդդիմադիր «Լայն ճակատ» կուսակցության անդամ, տուրիզմի նախկին նախարար, սենատոր Լիլիան Քեշիշյանը դատապարտել է Ադրբեջանական գործողությունները:

Դեպքերի վերաբերյալ Թվիթերում գրառումներ են կատարել իշխող Ազգային կուսակցության պատգամավոր Պեդրո Խիսդանյանն ու առողջապահության փոխնախարար Խոսե Լուիս Սաչյանը:

Համայնքային կազմակերպությունները հատուկ հայտարարությունում իշխանությունների խնդրել են իրենց կարծիքը հայտնել իրադարձությունների կապակցությամբ ու նշել, թե որ երկիրը չի հարգում պայմանավորվածությունները միջազգային հանրության առջև:

Ուրուգվայի արտգործնախարարությունը ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց, սակայն իշխող Ազգային կուսակցությունը երկուշաբթի օրը պետք է քննարկի Հայաստանի սահմանում տիրող իրավիճակը: Ընդդիմադիր «Լայն ճակատ» կուսակցության քաղաքական մարմինն իր հայտարարությունում նշում է, որ ադրբեջանական հարձակումները հանդիսանում են միջազգային իրավունքի խախտում: Ադրբեջանին աջակցելու մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները մերժելի են և մտահոգիչ, գտնում է ընդդիմադիր կուսակցությունը՝ իր զորակցությունը հայտնելով Հայաստանի ժողովրդին: