Բերման է ենթարկվել Վրաստանի նախկին նախագահի փեսան

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրին բերման է ենթարկվել մի քանի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը։

Համաձայն տարածված տեղեկատվության՝ Գոգոչուրին բերման է ենթարկվել Շեքվեթիլի հանգստավայրի նորաոճ «Պարագրաֆ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպից հետո։

Գոգոչուրին բերման է ենթարկվել «բռնություն» և « հրազենի ապօրինի պահպանում» հոդվածների հատկանիշներով։

Մինդիա Գոգոչուրին Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ դստեր՝ Մաշո Չիչիուայի քաղաքացիական ամուսինն է։ «Մթավարի» հեռուստաալիքին տված մեկնաբանություններում նախկին առաջին տիկինը հայտնել է, որ դեպքի մասին ոչինչ չգիտի։ Նրա խոսքով՝ Մաշոն և Մինդիան արդեն վաղուց բաժանվել են և միմյանց հետ կապ չեն պահպանում։

Գոգոչուրիի անունը բազմիցս շրջանառվել է քրեական հայտարարություններում։ 2018 թվականի դեկտեմբերին նա բերման էր ենթարկվել Թբիլիսիում հատուկ գործողության ժամանակ հանցագործության մասին թաքցնելու և զենքի ապօրինի ձեռքբերման համար։

Նույն թվականի հուլիսին նա տեղափոխվել էր հիվանդանոց ոտքի հատվածում դանակով հասցված երեք վնասվածքով։ Իսկ ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրիի ուղղությամբ կրակել էին։