Տոնոյանին հաջողվում է բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր հուլիսի 21-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Արդարադատության նախարարությունը ներկայացրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկում է իր ենթակայության տակ գտնվող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ևս ներառել այն մարմինների ցանկում, որոնց կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար: Ներկայումս նման փորձաքննություն իրականացվում է բացառապես դատարանի կամ իրավապահ մարմինների միջնորդության հիման վրա:

Ենթադրվում է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող դատապարտյալներին ավելի օպերատիվ ենթարկվել փորձաքննության և այդ հիմքով ազատվել պատժի կրումից»:

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում հայկական ծիրանի մուտքի արգելքի շուրջ ստեղծված իրադրությանը և գրել․ «Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների ֆոնին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Իլհամ Ռահիմովին պատկանող Մոսկվայի խոշորագույն առևտրային ցանցում՝ Food City շուկայում, արգելվել էր հայկական ծիրանի մուտքը։ Հայկական գյուղմթերքով բեռնված մեքենաները ստիպված տեղափոխել էին այլ առևտրային կենտրոններ։

«Ժամանակ»-ի հետ զրույցում Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը տեղեկացրեց, որ մշտապես կապի մեջ է մեր բեռնատարների վարորդների հետ։ Վերջին թարմ տեղեկություններով՝ նրանք ամբողջ ապրանքը վաճառել են, որևէ խնդիր չի առաջացել»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այն, որ Հայաստանում գործող վերելակների շուրջ 80 տոկոսն անմխիթար վիճակում է, դա վաղուց հայտնի փաստ է: Օրինակ Երևանի և մարզերի քաղաքների բազմաբնակարան շենքերում շահագործվող 5330 վերելակների մեծ մասի նշանակված ծառայության ժամկետը սպառված է` գերազանցում է 25, առանձին դեպքերում՝ նույնիսկ 50 տարին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր նախագիծ է մշակել վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին:

Նախագիծը երեկ է հայտնվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերելակների պահպանման, ընթացիկ սպասարկման վճարները կարգավորված չեն: Պարզվում է, որ տարբեր համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքի սեփականության գույքի պահպանման համար առանց հաշվարկների տարբեր վճարներ են գանձվում բնակիչներից, որի մեջ չի մտնում վերելակի շահագործման ընթացքում մեկ ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, որի համար բնակիչներն առանձին են վճարում:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով: Armlur.am-ը տեղեկացավ նաև, որ Երևանում նշանակված ծառայության ժամկետը սպառած 4219 վերելակների շահագործման անվտանգության ապահովման համար քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրին տարեկան միջինում 127 մլն 100 հազար 900 դրամ է տրամադրվել: Օրինակ 2019 թվականի բյուջեից վերելակների հիմնանորոգման ծրագրին է տրամադրվել 290 մլն 391 հազար դրամ: Երևանի քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրով ծախսված գումարը կազմում է 925 մլն 895 հազար 500 դրամ:

Ստացվում է, որ միլիոններ են հատկացվում վերելակային տնտեսությունը բարելավվելու նպատակով, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց կյանքը վտանգելով օգտվել հին, խարխուլ վերելակներից: Ավելին, պարզվում է, որ արտադրողի պահեստից վերելակների շուկայական մոտավոր գներն այսօրվա դրությամբ տատանվում են սկսած 4-10 մլն դրամի սահմաններում: Այսինքն, ծառայության ժամկետը սպառած և շահագործման մեջ գտնվող 5330 վերելակների փոխարինման դեպքում խոշորացված մոտավոր հաշվարկներով կպահանջվի շուրջ 21-53 մլրդ դրամ գումար:

Ինչ երաշխիք, որ 21-53 մլրդ տրամադրելուց հետո Հայաստանում վերելակային տնտեսությունը կնորացվի: Ամեն դեպքում, Երևանում դա չի երևում»:

«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած երկրում չափազանց կարևոր է, որ բանակը կայացած, բացառապես պրոֆեսիոնալ մարմին լինի, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր գործառույթները և թշնամու ցանկացած ոտնձգության պարագայում պաշտպանի երկրի սահմանները:

Եվ փառք Աստծո, որ հայկական բանակն այդպիսին է՝ անցած երեսուն տարիներին ամբողջապես կայացած՝ անկախ ներքաղաքական գործընթացներից: Փորձագետների համոզմամբ, պատմությունը ցույց է տալիս, որ հակառակ պարագայում մեծ է լինում քաղաքական իշխանությունների գայթակղությունը՝ սեփականաշնորհել, քաղաքականացնել, անձնավորել հաղթանակները:

Ավելին, որքան էլ ցավալի է, բանակի հետ որևէ աղերս չունեցող առանձին գործիչներ բանակի հաշվին երբեմն փորձում են քաղաքական կամ անձնական դիվիդենտներ հավաքել: Այնինչ, ոչ մի քաղաքական ուժ, ներառյալ և առաջին հերթին իշխանությունը, իրավունք չունի քաղաքական դիվիդենտներ փնտրել և առավել ևս քաղել բանակի արձանագրած փայլուն արդյունքներից։

Սակայն, ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, պետք է նշել, որ նրան հաջողվել է նման շահարկումներից, քարոզչությունից բանակը զերծ պահել, խուսափել հաջողությունը բացառապես «նոր Հայաստանի» իրողությունների կամ մեկ անձի հետ ասոցացնելու հավանական փորձերից կամ «ջանքերից»:

Պատասխանատվությունն ամբողջովին բանակի վրա է, իսկ մեր բանակը լիարժեք կայացած է, ամուր ու հզոր: Եվ նախարարի պահվածքը չափազանց կարևոր է, քանզի որևէ պարագայում բանակին, զինվորին ու գեներալին նեղացնել պարզապես չի կարելի»: