Ազատազրկում՝ դիմակ չկրելու համար

Մալայզիայի իշխանություններն ազատազրկմամբ են սպառնացել պաշտպանական դիմակներ կրել հրաժարվելու համար, երբ այդպիսի միջոցը պարտադիր դառնա: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական Straits Times թերթին, նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Հիշամ Աբդուլային։

«Մենք բնակչությանը կոչ ենք անում դիմակներ կրել, հատկապես՝ գտնվելով հասարակական վայրերում, որտեղ դժվար է սոցիալական հեռավորություն պահպանել»,- ասել է պաշտոնյան: Նա հիշեցրել է, որ «Մալայզիայում համապատասխան պարտադիր կանոնը դեռ ուժի մեջ չէ, սակայն երբ այդ մասին հայտարարվի, խախտողներին հազար ռինգիտ (235 դոլար) տուգանք կամ մի քանի ամիս ազատազրկում է սպառնում»:

Ըստ նրա, «մասնագետների առաջարկությունների համաձայն, դիմակ կրելը 65 տոկոսով կարող է նվազեցնել վարակի տարածման ռիսկը»:

Վերջին տվյալներով՝ Մալայզիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8․8 հազարը: Գրեթե մեկ ամիս երկրում վարակման նոր դեպքերի թվի նվազման միտում էր նկատվում, սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում կրկին աճ է գրանցվել: Հունիսի 10-ից հանվել են մարտի 18-ի համավարակի պատճառով հայտարարված հիմնական սահմանափակումները, այդ թվում վերացվել է քաղաքների և նահանգների միջև տեղաշարժի արգելքը, օդային հաղորդակցությունը վերականգնվել է։