Դոնալդ Թրամփը 20 միլիոն դոլար է հավաքել իր առաջին վիրտուալ դրամահավաքի ժամանակ

Երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն ավելի քան 20 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ նախագահի կողմից անցկացված առաջին վիրտուալ դրամահավաքի արդյունքում։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Axios ամսագրին։

Թրամփը Սպիտակ տնից պատասխանում էր իր կողմնակիցների հարցերին, որոնք հայտնվում էին նրա էկրանին: Վիրտուալ դրամահավաքը վարում էին Դոնալդ Թրամփ կրտսերը և նրա ընկերուհի Քիմբերլի Գիլֆոյլը, ով բարձր պաշտոն է զբաղեցնում նախընտրական շտաբում։

Միջոցառմանը, որի ժամանակ քննարկվում էր ամերիկյան տնտեսության վերականգնումը, մասնակցում էին նաև ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը և Թրամփի դուստր Թիֆանին: Նախագահի կողմնակիցները բարձրացրել են զինված ուժերին, դպրոցներին և ԱՄՆ քաղաքներում բռնություններին վերաբերող հարցեր:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։