Հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել

Երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի»:

Ավելի ուշ կատարված գրառմամբ Շուշան Ստեփանյան նշել էր, որ «Չնայած 00:47-ի դրությամբ կրակոցներ չկան, այնուամենայնիվ, արձանագրեմ՝ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին»։

Արդեն այսօր առավոտյան ՊՆ խոսնակը նշել էր, որ ««Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում»:

Հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, ըստ Շուշան Ստեփանյանի, պահպանվում է հարաբերական անդորր։

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։

Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, երկու անգամ:

Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»: