Հրաժարականների շքերթ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր հուլիսի 22-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ պարետատունն անորոշ ժամկետով արգելել է հուլիսի 25-ին դեպի Եգիպտոս չվերթը՝ պատճառաբանելով, որ նպատակահարմար չէ այս պահին։

«Ժամանակ»-ի հետ զրույցում «Շելբի տուր» ընկերության տնօրեն Մարինա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պարետատունն արգելում է դեպի Եգիպտոս նախատեսված թռիչքը։ Տուրիստական ընկերության տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունով մոտ 10 մարդ ցանկություն էր հայտնել մեկնել Եգիպտոս հանգստի, գումարներն արդեն վճարել էին։

Տուրիստական ընկերությունը մինչև շաբաթվա վերջ վերադարձնելու է գումարները, քանի որ անորոշ ժամկետով են հետաձգվում թռիչքները, իսկ պարետատնից չեն ասում, թե երբ թույլ կտան թռիչքները»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործունեությանը և նշել, որ հաստատության աշխատողները «Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո սկսել են «շնչել»: Այժմ տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է Գնել Հասրաթյանը: Թե երբ տեսչական մարմինը ղեկավար կունենա, հայտնի չէ: Հետաքրքիր է, որ Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո հեռացել են նաև նրա խորհրդականները: Օրինակ՝ հրաժարականի դիմում ներկայացրել են խորհրդականներ Արթուր Օթարյանը, Երեմ Սահակյանը, Հայկ Վարդանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վտանգված է ղեկավարի օգնական Ալեքսանդր Կիրակոսյանի աշխատանքային ճակատագիրը: Պարզվում է՝ Կիրակոսյանը Վիգեն Ավետիսյանի հրաժարականից հետո անակնկալ «վարակվել է» կորոնավիրուսով, և երբ ղեկավարությունը պահանջում է բժշկի գնալ և արդյունքը ներկայացնել, անհասկանալի պատճառներով հրաժարվում է: Սակայն նկատենք, որ իր պաշտոնին է շարունակում մնալ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, որը Շրջակա միջավայրի նախարարության նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությանյանի՝ Բուլկու կադրերից է: Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր հենց Վիգեն Ավետիսյանը:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գալոյանն անգամ չի ցանկացել, որ իրեն տեղակալ նշանակեն: Նա այս մասին իր մտերիմ շրջապատում անկեղծացել է՝ նշելով, որ պատասխանատվությունը մեծացել է, սակայն աշխատավարձը չի բարձրացել, ուստի չի բացառվում, որ առաջիկայում լսենք նաև Գալոյանի հրաժարականի լուրը»:

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որևէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, նաև իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: Մյուս կողմից կառավարության և խորհրդարանի կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում, որ իշխանությունները նրան այլևս չեն տեսնում ՍԴ նախագահի պաշտոնում, այնինչ Գրիգորյանն իրեն վաղուց է պատկերացնում ՍԴ նախագահ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ըստ երևույթին դա է պատճառը, որ այս օրերին սկսել է նորից ակտիվանալ Վահե Գրիգորյանը: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մշակում է ՍԴ համար նոր ռազմավարական ծրագիր, որը պատրաստվում է ներկայացնել անձամբ Նիկոլ Փաշինյանին»: