Պատգամավորները դժգոհել են. Ինչու ԿԳՄՍ նախարարը չի մասնակցել ԱԺ հանձնաժողովի նիստին․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր հուլիսի 23-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը «Շանգրի լա» խաղատունը զրկեց արտոնագրից: Այսպիսով՝ Երևանի մերձակայքում այս պահին որևէ գործող խաղատուն չկա: Բայց այդ վիճակը կարող է կարճ տևել, և էկոնոմիկայի նախարարությունը կարող է արտոնագիր տալ «Դվին» հյուրանոցի սեփականատերերին՝ այնտեղ խաղատուն բացելու համար:

Դրա համար անհրաժեշտ է, որ «Դվինի» սեփականատերերը փաստաթղթերով հիմնավորեն, որ իրենք 40 մլրդ դրամի ներդրում են կատարել:
«Դվինի» սեփականատիրոջ մասին հայտնի է, որ նա ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի Նվերն է»:

Մեկ այլ հրապարակմամբ թերթը անդրադարձել է շրջակա միջավայրի նախարարության շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արդեն երկուսուկես ամիս Հայաստանը առանց շրջակա միջավայրի նախարարի է. վերջին նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից ազատվել է այս տարվա մայիսի 5-ին: Նախարարության աշխատակիցները խոսում են, որ նախարարությունը կարող է ընդհանրապես լուծարվել և միացվել արդեն գոյություն ունեցող նախարարություններից որևէ մեկին»:

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հետ զրույցում գյուղատնտեսության ոլորտի որոշ ներկայացուցիչներ և փորձագետներ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվող մի շարք ֆերմերներ լուրջ մտահոգություն են հայտնել, որ առաջիկա աշնանը էական խնդիրներ են սպասվում անասնապահության ոլորտում, քանի որ, ինչպես փաստում են նրանք, ներկայումս առկա է անասնակերի լուրջ խնդիր։

Նրանք նշել են, որ տարին խոտի և այլ անասնակերերի համար անբարենպաստ էր, և իրենք չեն հասցրել բավարար չափի կեր կուտակել՝ ձմեռը պատշաճ անցկացնելու համար։ Թերթի զրուցակիցներից մեկը նշում էր, որ նմանօրինակ զարգացումների դեպքում աշնանը շուկայում կտրուկ բարձրանալու է մսի գինը։

Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը՝ նշելով, որ գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները ձմռան համար համապատասխան չափով անասնակեր գնելու նպատակով ստիպված են լինելու նախատեսվածից շատ գումար ծախսել, ինչին և հաջորդելու է թանկ կերով պահված անասունների մսի ավտոմատ թանկացումը»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ: Սակայն քննարկմանը չի մասնակցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխարեն քննարկմանը մասնակցում էր նախարարության կրթության վարչության պետը, ում պատգամավորները բազմապիսի հարցեր են տվել: Ընդ որում, պատգամավորները ևս զարմացած են եղել, որ նախարարը բացակայում է քննարկումից, և խիստ են խոսել այդ մասին հիշատակումով։

Նշենք, որ ԳԹԿ-ից ևս տեղակալի մակարդակով են քննարկմանը մասնակցել, ինչը հատկապես իշխանական պատգամավորները սխալ են համարել, անգամ իրար մեջ քննարկել, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Տավուշում հարսանեկան արարողությանը մասնակցելու և քավոր լինելու ժամանակ ունի, սակայն պատգամավորների հարցերին պատասխանելու համար՝ ոչ: Նկատենք, որ երեկվա քննարկմանը նույնիսկ մասնակցել են այլ հանձնաժողովների նախագահներ, օրինակ՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովից Բաբկեն Թունյանը, Առողջապահության և հանրային հարցերով հանձնաժողովից Նարեկ Զեյնալյանը… Սակայն վերջնական որոշում չի կայացվել, ու պատգամավորները պարզաբանումներ են սպասում հենց նախարարից, թե ինչպես է ստացվել՝ 18.5 միավոր հավաքած դիմորդը որևէ բուհ չի ընդունվել»։