Ամերիկյան կործանիչները հետապնդել են իրանական քաղաքացիական օդանավին

Հինգշաբթի F-15 կործանիչը Սիրիայի երկնքում իրանական Mahan Air ավիաընկերության ուղևորատար օդանավից անվտանգ հեռավորություն է պահպանել, ուղեկցումն իրականացրել է միջազգային ստանդարտները հաշվի առնելով: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (ՍԵՆԹՔՈՄ) ներկայացուցիչ Բիլ Ուրբանը՝ ի պատասխան միջադեպը մեկնաբանելու խնդրանքին:

«Հենց F-15-ի օդաչուն թռչող սարքը նույնականացրել է որպես Mahan Air [ընկերության] ուղևորատար օդանավ, F-15-ը բարեհաջող կերպով մեծացրել է օդանավից հեռավորությունը: Պրոֆեսիոնալ ուղեկցումը կատարվել է միջազգային ստանդարտներին համապատասխան»,- պնդել է նա: Ուրբանը խոսել է մեկ F-15 կործանիչի մասին, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր, որ երկուսն են եղել:

ՍԵՆԹՔՈՄ-ի ներկայացուցիչը նշել է, որ ամերիկյան օդանավը հանձնարարություն է կատարել «Անխախտելի վճռականություն» գործողության շրջանակում, որը Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ երկրների խումբն անցկացնում է Էթ Թանֆ գոտու շրջանում, այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմաբազան: Կործանիչը «օդանավից հազար մետր անվտանգ հեռավորության վրա էր», երբ որոշել է համոզվել, որ դա ուղևորատար օդանավ է: «Էթ Թանֆ բազայում կոլաիցիայի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով կատարվել է [օդանավի] վիզուալ զննում»,- պարզաբանել է Ուրբանը:

Հինգշաբթի երեկոյան Fars գործակալությունը հայտնել էր, որ Սիրիայի երկնքում երկու կործանիչ ընդհուպ մոտեցել են ուղևորատար օդանավին: Օդանավն ուղևորվում էր Լիբանան և հաջողությամբ վայրէջք է կատարել Բեյրութում, որտեղ լիցքավորվել է, այնուհետև վերադարձել Թեհրան: Օդանավի հարկադրական մանևրումների հետևանքով տուժել է 3 ուղևոր, ինչպես նաև անձնակազմի մի քանի անդամ: