Աշտարակի խճուղում «Օպելը» բախվել է սյանը. 26-ամյա աղջիկը մահացել է. վարորդի եւ նորածնի վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 23-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետեւանքով սյունը շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Վերոնիկա Ս․-ն (ծնված 1994 թ․) եւ Գեւորգ Բ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Վերոնիկա Ս․-ն մահացել է, իսկ Գեւորգ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Ադելինա Բ․-ն (ծնված 2020 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։