Լոնդոնն ու Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել են տիեզերական զենքի փորձարկումների մեջ

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն հայտարարել են, որ Ռուսաստանը տիեզերքում անցկացրել է սարքի փորձարկումներ, որն ունի զենքի բնութագրեր և կարող է ոչնչացնել մերձերկրային ուղեծրի արբանյակները: ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ դա մտահոգություն է հարուցում։ Այս մասին հայտնում է BBC-ն:

ԱՄՆ-ն նախկինում ևս մտահոգություն է հայտնել ռուսական արբանյակային ծրագրի վերջին շրջանում աճող ակտիվության պատճառով: Բայց սա առաջին դեպքն է, որ տիեզերքում ռուսական փորձարկումների պատճառով մեղադրանք է առաջադրում նաև Բրիտանիան:

Մի քանի օր առաջ զեկույց էր հրապարակվել, որում նշված էր, որ բրիտանական կառավարությունը սաստիկ թերագնահատել է սպառնալիքը, որ ներկայացնում է Ռուսաստանը:

Բրիտանական տիեզերական վարչությունը ղեկավարող ավիացիայի փոխմարշալ Հարվի Սմիթը հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ Լոնդոնը մտահոգված է Ռուսաստանի նման վարքագծով, քանի որ այն սպառնում է տիեզերքի խաղաղ օգտագործմանը, և որ Ռուսաստանի ուղեծիր արձակած սարքը դրա ռազմական նշանակության մասին վկայող բնութագրեր ունի:

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում այլևս համանման փորձարկումներ չանցկացնել»,- հավելել է Հարվի Սմիթը:

ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության և չտարածման հարցերով օգնական Քրիսթոֆեր Ֆորդը Մոսկվային երեսպաշտության մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը շարունակել է սպառազինության վերահսկումը տարածել տիեզերքի վրա:

«Մոսկվան ձգտում է սահմանափակել Միացյալ Նահանգների հնարավորությունները, չնայած ակնհայտորեն չի պատրաստվում դադարեցնել սեփական տիեզերական ծրագիրը»,- ասել է նա:

ԱՄՆ ԶՈՒ տիեզերական հրամանատարությունը ղեկավարող գեներալ Ջեյ Ռեյմոնդն ասել է, որ չնայած և այս միջադեպի շրջանակում Ռուսաստանի գործողությունները վնաս չեն հասցրել, նման վարքագիծը ևս մեկ վկայություն է այն մասին, որ Մոսկվան շարունակում է ջանքեր գործադրել՝ ուղղված իր ռազմական հայեցակարգին համապատասխան տիեզերական բազավորման զենքի զարգացմանն ու փորձարկմանը, ինչը սպառնալիք է կրում ԱՄՆ և նրա դաշնակիցների տիեզերական սարքերի համար: