Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործի է անցել․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր հուլիսի 24-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Մինչ հեղափոխական զանգվածները սպասում էին (են) նախորդների ամենաստվերային, գրեթե ռեկետի ֆոնդի՝ «Երևան» հիմնադրամի տնօրենի պատասխանատվությանը, վերջինս հավանաբար ինքն է մոռացել արդեն այդ վիթխարի շորթումների մասին, երբ բառացի ոչ մի գործարք Տարոն Մարգարյանը չէր հաստատում առանց «մուծվելու»։ Գաղտնիքը, ըստ ամենայնի, նրանում է, որ հիմնադրամի ղեկավարի տղան հարկայինի պետ է, իսկ հարսը՝ ոստիկանության պատասխանատու աշխատակից։

«Երևան» հիմնադրամի հետ կապված քրեական գործը հաջորդեց անմիջապես հեղափոխությանը, մեծ աղմուկ բարձրացավ, խոսվեց մեծ թվերից, մեծ չարաշահումներից, սակայն, կարծես թե, սահմանափակվեցին միայն այդքանով»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը և նշել․ ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու տարվա ընթացքում պետք է վերլուծի բոլոր դատավորների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացնում են հանձնաժողովին: Ընդ որում, վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից սկսած ներկայացված հայտարարագրերն ու ձեռք բերված միջոցների օրինականությունը: Այս կանոնակարգումներն ուժի մեջ են մտել այս տարվա մայիսի 2-ից, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովում գործընթացն արդեն մեկնարկել է, եռամսյա և հինգամսյա ժամկետներում պետք է ուսումնասիրվեն ՍԴ դատավորների ու ԲԴԽ անդամների հայտարարագրերը, իսկ երկու տարվա մեջ՝ ամբողջ դատական համակարգինը:

Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասու է բոլոր տվյալները ստուգելու հնարավորություն, և անգամ նրանք կարող են հասանելիություն ունենալ անձի՝ բանկային գաղտնիք համարվող տվյալներին: Բացի այդ, ուսումնասիրման ենթակա է լինելու նաև պաշտոնատար անձի ոչ միայն տնօրինման ենթակա, այլ փաստացի տիրապետման տակ գտնվող գույքը, և հանձնաժողովը կուսումնասիրի նաև դրանք: Սակայն ևս մեկ անգամ ընդգծենք, որ վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերն ու տվյալները»:

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին և նշել․« «Դատական համակարգում իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ:

Ինչպես հայտնի է, հուլիսի 31-ին պետք է տեղի ունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ, ի թիվս օրակարգային այլ հարցերի, պետք է հավանության արժանանար նաև այդ մարմնի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչ այս դատական համակարգում հակված են եղել որպես թեկնածու ներկայացնել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին, սակայն, մեր տեղեկություններով, այս օրերին Հակոբյանին մրցակից է հայտնվել, և թեկնածուի հարցը դեռ վերջնական որոշված չէ:

Այսպիսով, մենք տեղեկացանք, որ նրա հետ պայքարի մեջ է մտել նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը: Եվ այստեղ ուշագրավն այն է, որ Լիզա Գրիգորյանը մեկ անգամ արդեն փորձել է 2018 թվականին որպես ՍԴ դատավորի թեկնածու հանդես գալ, սակայն այն ժամանակ ընտրությունը կանգ առավ Արմեն Դիլանյանի վրա: Եվ, ահա, այժմ Գրիգորյանը ևս նման հավակնություններ ունի: Թե ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորի հարցում դատական համակարգը բաժանվելու է երկու թևի, և, եթե մինչ այս թեկնածուն մեկն էր, և ընտրություն կատարելու խնդիր չկար, ապա այժմ նոր զարգացումներ կարող են լինել»:

«Փաստ» թերթը գրում է. «««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ իրականացնել սահմանադրական փոփոխությունների մասով։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության մեջ իշխանությունների կողմից նախատեսվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել: Մասնավորաբար, փոփոխություններից մեկը վերաբերելու է Սահմանադրության 18-րդ հոդվածին՝ «Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին»:

Ըստ մեր տեղեկությունների, Հայ Առաքելական եկեղեցին չի դիտարկվի որպես գլխավոր կրոնական կառույց, ինչը հիմքեր կստեղծի հետագայում համապատասխան օրենքում այնպիսի փոփոխություններ անել, որ այն հավասարեցվի ՀՀ-ում գործող մյուս կրոնական միավորների հետ, նվազեցվեն եկեղեցու՝ այսօր ունեցած լայն լիազորությունները, ինչպես նաև գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հստակեցումներ մտցվեն։

Էական փոփոխություններ են նախատեսվում դատաիրավական համակարգում, որոնց կանդրադառնանք առանձին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, կա առաջարկ թեթև «շտկումներ» իրականացնել սուպերվարչապետական համակարգում, որն ավելի շատ ունենալու է ձևակերպումային, քան բովանդակային բնույթ։

Այս տարբերակի կողմնակիցների կարծիքով, նման կոսմետիկ փոփոխությունները թույլ կտան թուլացնել «Սերժի կոստյումը» սեփական հագով հարմարեցնելու հետ կապված քննադատությունները»: