Ադրբեջանցիների հերթական հարձակումը Ռուսաստանում հայերի վրա. հայ է վիրավորվել

Գիշերը Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիները զինված հարձակում են իրականացրել հայերի վրա: Ռուսաստանի հայերի միության անդամ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 02:00-ի սահմաններում:

Կոնֆլիկտի արդյունքում մեկ հայ վնասվածք է ստացել ոտքի շրջանում: Տոնոյանի խոսքով՝ այս պահին հայտնի է միայն այս միջադեպի մասին։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Հերման Անանյանցը, նշել է, որ ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումների հետ կապված միջադեպերի կապակցությամբ Մոսկվայի քաղաքապետն ու ԱԴԲ-ի մոսկովյան մասնաճյուղը շատ կոշտ դիրքորոշում են որդեգրել. «Այս ջարդերին մասնակցող որեւէ մարդ անպատիժ չի մնա: Գիշերը Մոսկվայում համեմատաբար հանգիստ է անցել»:

Անանյանցը նաեւ հայտնել է, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանի նախագահը մտադիր է պարգեւատրել այն ադրբեջանցիներին, որոնք մասնակցել են հայերի վրա հարձակումներին:

Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ են գրանցվել նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում եւ եվրոպական այլ երկրներում: Այս ֆոնին օրերս ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան վերջերս հրաժարվեց հայկական գյուղմթերքից: Դրանից հետո Ռուսաստանի հայերը սոցցանցում ֆլեշմոբ նախաձեռնեցին՝ հայկական գյուղմթերքն իրացնել օգնելու համար, որի վաճառքն այդ շուկայի տարածքում արգելված էր:

Բացի այդ, ահազանգեր են ստացվում այն մասին, որ ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովին պատկանող «Կրոկուս» առեւտրի կենտրոններից հանվել են հայկական արտադրության բոլոր ապրանքները եւ փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով: