Վերին Դվին գյուղում ջրանցքն ընկած տղան 7-րդ դասարանում է սովորում, նրան դեռ չեն գտել

Վերին Դվին գյուղում ջրանցքն ընկած տղան 7-րդ դասարանում է սովորում, նրա որոնումները դեռ շարունակվում են: Այս մասին NEWS.am-ին հայտնել է  համայնքապետ Լյուդմիլա Պետրովան։

«3  ընկերներով են գնացել ջրանցքում լողալու, ընկերոջ պատմելով ջրանցքն ընկած տղան լողալ չի իմացել, փորձել է սովորել ու պատմում է, որ մտել են ջրի տակ դուրս են եկել ու տեսել են, որ երեխան կարծես խեղդվում է, ու դրանից հետո իջել է ջրի տակ ու էլ չեն տեսել: Վազելով եկել են ջրանցքն  ընկած երեխայի տուն, հայրը տանը չի եղել, մայրն ու քույրը զանգել են փրկարար ծառայություն»,-ասել է գյուղապետը:

Նա հավելել է, որ այդ ժամերին գյուղի բնակիչները տանն են լինում, կիզիչ արեւի տակ չեն լինում եւ այդ պատճառով էլ մոտակայքում մարդ չի եղել, որպեսզի օգնության հասներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։