Կադրային ջարդ՝ կառավարությունում. Ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր` հուլիսի 30-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր ղեկավարած կառավարության առանձին անդամների աշխատանքից և մտադիր է աշնանը կառավարության կազմում լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել:

Մասնավորապես իրենց պաշտոններին հրաժեշտ կտան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մի քանի նախարարներ և մարզպետներ»։

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին և նշել․ « «Երեկ մեկնարկեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որին ուշի-ուշով հետևում է նաև հայկական կողմը: Եվ հենց այդ զորավարժությունների մեկնարկն էր պատճառը, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ժամանակ Տոնոյանը նշել է, թե զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։

Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։ Նաև Դավիթ Տոնոյանն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանների և ռազմական կցորդների հետ: Այս տեսանկյունից կարևորություն է ներկայացնում նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինն ընդգծել է լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը:

Հետաքրքիր է, որ այս նույն շրջանում զորավարժությունններ են անցկացնում նաև Ռուսաստանը և Իրանը։ Իսկ, ահա, Հայաստանի սահմանի մոտ երեկ մեկնարկած երկշաբթյա համատեղ զորավարժությունների շրջանակում նախատեսված են նաև օդուժի կիրառմամբ վարժանքներ: Եվ չնայած նման զորավարժություններ անցյալ տարիներին էլ իրականացվել են, սակայն այս անգամ դրանք տեղի են ունենում խիստ լարված շրջանում՝ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային սրացումից հետո»:

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է դատական համակարգի շուրջ հնարավոր զարգացումներին և նշել, որ իր տեղեկություններով՝ «առաջիկայում դատական համակարգի ներկայացուցիչների շուրջ ուշագրավ բացահայտումներ են սպասվում:

Բանն այն է, որ վերջերս դատավորների մասին իրար հետևից նոր բացահայտումներ են լինում, և, մեր տեղեկություններով, շղթան շարունակական է լինելու: Ինչպես հայտնի է, այժմ լուրջ իրավիճակ է տիրում Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի շուրջ, վերջինս էլ կալանավորված է:

Եվ սա էլ դեռ ամենը չէ. նախօրեին հայտարարություն էր տարածել Ազգային անվտանգության ծառայությունը և հայտնել, որ բացահայտվել են դատական դեպարտամենտի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Սա ևս դատական համակարգի ներկայացուցիչների հանդեպ սկսված գործընթացների շարունակությունն է:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, դատավորները հայտնվել են իրավապահ համակարգի թիրախում. բոլորի նկատմամբ լուրջ գործողություններ են իրականացվում, հսկողության տակ են անգամ նրանց հեռախոսային խոսակցություններն ու հանդիպումները: Եվ հենց դա է պատճառը, որ հենց իրենք՝ դատական համակարգի ներկայացուցիչները, նոր բացահայտումների են սպասում»:

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին լուրջ ու շատերի համար անսպասել կտրուկ զարգացումներ տեղի ունեցան Ամուլսարի շուրջ։ Ինչպես հայտնի է, մինչև իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հանքի շուրջ ստեղծված անհասկանալի ու հակասական իրավիճակի հետ կապված պետք է հստակեցումներ իրականացնել։ Հիմա հենց հստակեցումների առումով խնդիրներ ունի իր իշխանությունը:

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ վերջին օրերին Ամուլսարում ընթացող գործընթացները նախապես ամբողջովին համաձայնեցված են իշխանությունների հետ, ավելին՝ ամեն ինչ ընթանում է նախապես մշակված ծրագրով։

Ըստ էության, կառավարությունը անցած երկու տարվա ընթացքում չկարողացավ, կամ, ավելի ճիշտ, ուղղակի չցանկացավ կարգավորել հանքի շուրջ ստեղծված իրադրությունը և հարցի հետ կապված հստակեցումներ մտցնել։

Մեր տեղեկություններով, Փաշինյանի թիմը նման քայլի է գնացել, քանի որ այլ պարագայում կա՛մ պետք է սեփական արժեքներին դավաճանեին՝ իրենց վարկանիշը իսպառ հողին հավասարեցնելու, գուցե նաև իշխանությունը վտանգելու գնով, կա՛մ վերահաստատելով, որ որոշողը ժողովուրդն է, նմանօրինակ զարգացումներ ապահովեին։

Ըստ մեր աղբյուրների, փաստացի «կանաչ լույս» է վառված «Լիդիանի» համար՝ հանքը շահագործելու առումով, սակայն դա ուղղակիորեն չի հայտարարվում, այլ որոշակի քայլերի հերթականություն է «գծված»: