ԱԻՆ ակադեմիայում կվերապատրաստվեն նաև ոստիկանները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օրինակով ոստիկանության համակարգում ստեղծվելու է ահազանգերի սպասարկման օպերատիվ կենտրոն: Այսօր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ու փոխոստիկանապետ, գնդապետ Տիգրան Եսայանը՝ նոր ստեղծվելիք կառույցում աշխատողների համար ՃԿՊԱ-ում վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը քննարկելու նպատակով:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ բուհի ղեկավարությունը հյուրերին ծանոթացրեց ՃԿՊԱ հնարավորություններին եւ տեղեկացրեց, որ ՃԿՊԱ-ի կրթական եւ վերապատրաստման ծրագրերը ճկուն են, փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումների ծառայողների համար էլ վերապատրաստումներ կազմակերպվում են, պարզապես պետք է հաշվի առնել վերապատրաստվող լսարանի առանձնահատկությունները: Օրինակ եթե 911-ի ստացած ահազանգերին պատասխանողը պետք է տեղյակ լինի, թե հրդեհի կամ փակ դուռը բացելու զանգի դեպքում ինչ ասի եւ ինչ հարց տա ահազանգողին, որ դեպքում ահազանգը որ կառույցին պետք է փոխանցել, ապա ոստիկանության ստացած ահազանգին պատասխանողն էլ պետք է իմանա ինչ ասել ընտանեկան բռնության կամ մարմնական վնասվածքի դեպքերում: Ակնհայտ է, որ ԱԻՆ փրկարար ծառտայության օրինակով ոստիկանության օպերատիվ կենտրոնում էլ պետք է հոգեբանների խումբ լինի:

Հանդիպման արդյունքում որոշվել է ձեւավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կմշակի վերապատրաստման ծրագրերը (թեմաներ, դասաժամեր, տեւողություն եւ այլն) եւ դրանց վերջնական հաստատումից հետո կմեկնարկեն դասերը: