Որդիներից մեկի թիկունքից. Ռոբերտ Քոչարյանը չի գլխավորի իր կողմից ստեղծվող կուսակցությունը․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր հուլիսի 31-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները հանդիպում են տարբեր քաղաքական և հասարակական գործիչների հետ, և նրանց տրամադրությունները շոշափում Քոչարյանի կողմից կուսակցություն ստեղծելու հնարավորության շուրջ:

Մեր տեղեկություններով՝ եթե նման կուսակցություն ստեղծելու որոշում կայացվի, ապա այն կարող է գլխավորել ոչ թե Ռոբերտ Քոչարյանը, այլ նրա որդիներից մեկը»:

Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ԲԴԽ շուրջ զարգացումներին և նշել․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ ՀՀ Դատական դեպարտամենտ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները: Սակայն ուշագրավ է, որ երեք թեկնածուներից հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Եվ, ահա, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց և մարմիններին ԲԴԽ-ն ներկայացրել է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երրորդ թեկնածու Սուրեն Անտոնյանը հայտնել է, թե ներկայացված հարցաթերթիկում եղել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պարզապես չի ցանկացել և նպատակահարմար չի համարել պատասխանել:

Նշենք, որ մինչև այս Սուրեն Անտոնյանը հանդիսանում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սուրեն Անտոնյանին այս տարի կանչել էին ԲԴԽ՝ հարցաքննության՝ կապված նրա կողմից կաշառք վերցնելու ենթադրյալ փաստի հետ»:

«Իրատես» թերթը գրում է. «Պատգամավոր Հայկ Սարգսյանի կազմակերպած «փարթիի» մանրամասներն ուսումնասիրելու համար «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը «հետաքննություն» է սկսել: Խմբակցության ղեկավար կազմը փորձում է առավելագույնս ինֆորմացիա հավաքել՝ պարզելու համար՝ պատգամավորն ինչքա՞ն ժամանակ է ներկա եղել հավաքույթին ու կազմակերպման աշխատանքներին ի՞նչ մասնակցություն է ունեցել:

Իմքայլական պատգամավորը խմբակցության ղեկավար կազմին ի սկզբանե ասել է, որ ինքն ընդամենը մի պահ է այցելել ափ, համացանցում տարածված տեսանյութերը սակայն բոլորովին այլ բանի մասին են վկայում: Խմբակցության «Իրատեսի» աղբյուրները վստահեցրին՝ Լիլիթ Մակունցը, երբ օրեր առաջ հայտարարեց, թե Սարգսյանը Սեւանում կարճ ժամանակով է եղել, միջադեպի մանրամասներին տեղյակ չի եղել:

Ասել է թե՝ հավատացել է պատգամավորի խոսքին, եւ հիմա խմբակցության ներսում անգամ մանդատի հարց է քննարկվել: Պատգամավորները սրտնեղել են, թե իրենք ամեն ինչ անում են, որ կարանտինի ժամանակ «կիքս» չունենան, իսկ խնջույքների սիրահար իմքայլականը մի հարվածով ամեն ինչ ջուրն է գցում:

Հայկ Սարգսյանի մանդատը դնել-չդնելու հարցը կդառնա՞ օրակարգային, թե՞ ոչ, դժվար է ասել, փաստ է, սակայն, որ նրա՝ հակակարանտինային վայելքների հավաստիությունը ճշտող իշխանությունները ոչ միայն երկրի, այլեւ սեփական թիմում տիրող իրավիճակին չեն տիրապետում»: