«Իմ քայլը»-ի տարբեր պատգամավորներ դեմ են ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ օգոստոսի 4-ին լույս տեսած մամուլի տեսությունը:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է օգոստոսի 5-ին՝ չորեքշաբթի օրը, խմբակ­ցության նիստ հրավիրել:

«Ըստ մեր աղբյուրների՝ նիստը թեժ է լինելու, քանի որ նախատեսվում է վերջնական հստակեցնել, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ինչպես պետք է քվեարկի խմբակցությունը: Բանն այն է, որ տարբեր պատգա­մավորներ խմբակցության ղեկավարությանն արդեն հայտնել են, թե դեմ են Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ու իրենք այդպես էլ քվեարկելու են: Եվ հենց դրանից հետո որոշում է կայացվել կրկին հավաքվել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվեն, ինչպես անել միասնական դիրքորոշ­ում ունենալու համար: Մեր տեղեկություններով՝ խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ: Խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանին առաջադրել են ՀՀ կառավարությունը ու իշխանական խմբակցության մի մասը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լոբբինգով, նրանք, կարծես թե, մտադիր են երկու տարբերակ առաջարկել՝ կամ փոխել թեկնածուին, կամ իրենք դեմ են արտահայտվելու: Թե խմբակցության նիստում քննարկումներից հետո ինչ եզրահանգման կգան իմքայլականները, դեռևս պարզ չէ:

Հավելենք, որ Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ շատ պատգամավորներ չէին էլ թաքցրել, որ ավելի շատ բացասական են տրամադրված նրա հանդեպ, իսկ մի մասն էլ ասել է՝ ոնց որոշի վարչապետը, այդպես էլ կարվի»,-գրում է թերթը:

Մեկ այլ հրապարակմամբ, թերթն անդրադարձել է ռեստորանային բիզնեսի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. Երևանի քաղաքապետարանը չի ընդառաջում նրանց: Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գևորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով որ քաղաքապե­տարանը զիջումների չի գնացել և ռեստորանային բիզնեսից վերցրել է սեզոնային տուրքերը: «Օրինակ, Երևանի քաղաքապետարանի հետ կապված խնդիր կա. բիզնեսը չաշխատելով սեզոնային տուրքերը վճարել է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի ընդառաջել: Չէ՛ որ բիզնեսն այդ ժամանակ չի աշխատել, կարելի էր դա ինչ-որ հաշվանցել:

Քանի որ բացօթյա տարածքներն են միայն զբաղեցնում, և մեր քաղա­քացիները նախընտրում են բաց տեղերում նստել, իսկ բացօթյա տարածքներում սրճարանների տարածքները պարետատան որոշումներով կրճատված է՝ հեռավորությունը պահպանելու նպատակով այս պատճառով քաղաքապետարանին մենք առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար, գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քա- քաղաքապետարանից: Մենք այդ մասով փորձելու ենք աշխատել: Մենք ուզում ենք այս թեմայի շուրջ հանդիպել հենց քաղաքապետի հետ և հույս ու­նենք, որ հենց այդ մակարդակով լուծում կտրվի»:

«Առավոտ» թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ է՝ վրացական կող­մը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում եւ այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյու­թերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:

Այդ բեռները նախատեսված են հանքարդյունա­բերական «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար: Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ հայկական այլ ընկերու­թյան համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կար­գի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 1 6-ին եւ 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որեւէ պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն ենք, երկար տարիների փորձ ունենք, եւ երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»: