Լիբանանի վարչապետը նշել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը որպես Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, նշել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը վեց տարի շարունակ։ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`այս մասին նշվում է Լիբանանի նախագահի աշխատակազմի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ես չեմ հանգստանա, քանի դեռ չենք գտել կատարվածի պատասխանատուին` պատասխանատվության ենթարկելու և ամենախիստ պատիժը կիրառելու համար, քանի որ անընդունելի է, որպեսզի ամոնիումի նիտրատի այդպիսի խմբաքանակ, որը 2.750 տոննա է կշռում, առանց կանխարգելիչ միջոցների 6 տարի գտնվի պահեստում, ինչը սպառնում է քաղաքացիների անվտանգությանը»,- հայտարարել է վարչապետը:

Ընդ որում, Դիաբն առաջարկել է հանձնաժողով ստեղծել` միջադեպը հետաքննելու համար, որը 48 ժամվա ընթացքում պետք է պարզի կատարվածի պատճառը և հայտնաբերի պատասխանատուներին:

Լիբանանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում ամոնիումի նիտրատ է պայթել: Ըստ որոշ տեղեկությունների՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, որի հետեւանքով էլ նիտրատը պայթել է: