Կրեմլն առայժմ Նավալնու հետ տեղի ունեցածի քրեական հետաքննության պատճառ չի տեսնում

Կրեմլն այս պահին Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի քրեական հետաքննություն նախաձեռնելու պատճառ չի տեսնում, եթեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախ անհրաժեշտ է գտնել նյութը, պարզել, թե ինչն է եղել այդ վիճակի պատճառը։ Այսինքն՝ հետաքննության համար պետք է պատճառ լինի։ Մենք ձեզ հետ միասին առայժմ արձանագրում ենք պացիենտի կոմայի մեջ լինելը»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ եթե հաստատվի որեւցե կոնկրետ նյութով թունավորման փաստը, դա կդառնա հետաքննության համար պատճառ։ «Եթե հաստատվի նյութը, եւ եթե հաստատվի, որ դա թունավորում է, այդ դեպքում, իհարկե, դա կլինի հետաքննության համար պատճառ»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ թունավորումը կարելի է դիտարկել որպես միայն մեկը Նավալնու հետ տեղի ունեցածի վարկածներից։ «Առայժմ կան նաեւ շատ այլ բժշկական վարկածներ»,- նշել է նա՝ դրանց թվում նշելով որոշակի դեղերի ընդունումը եւ այս կամ այն պայմաններին օրգանիզմի ռեակցիան։ «Այս բոլոր վարկածները Օմսկի բժիշկների եւ Մոսկվայի բժիշկների կողմից դիտարկվել են ամենաառաջին ժամերին, այս ամենն արդեն 10 անգամ քննարկել ու ստուգել են, փնտրել են նյութերը,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ — Չի ստացվել, չեն գտել, այդ նյութը չեն տեսնում։ Գուցե այն կտեսնեն գերմանացիները»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Արեւմուտքին քննադատել է Նավալնու թունավորման վարկածը որպես տեղի ունեցածի միակ տարբերակ ներկայացնելու փորձի համար։ «Այնտեղ իմ գերմանացի գործընկերն անմիջապես սկսեց խոսել թունավորման հավանականության մեծ աստիճանի կամ հավանականության մասին,- ասել է Պեսկովը։ -Այստեղ մենք միայն մասամբ կարող ենք համաձայնվել։ Որովհետեւ այդ ժամանակ նա պետք է ասեր, որ նաեւ այսպիսի տարբերակի, երրորդի եւ չորրորդի հավանականություն կա»։ «Դրանք բոլոր այն տարբերակներն են, որոնք մեր բժիշկները դիտարկել են, բայց միայն մեկ տարբերակի մասին խոսելը մենք այս փուլում սխալ ենք համարում»,- շեշտել է նա։

Պեսկովը խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք ռուս բժիշկներն իրենց հերթին հնարավոր ամեն ինչ արե՞լ են կամ դեռեւս անցկացնելո՞ւ են ինչ-ինչ լրացուցիչ հետազոտություններ։ «Ես չեմ կարող ասել, ես չգիտեմ։ Ես պարզապես տեղյակ չեմ ընդհանրապես անալիզների ծավալին, տեղեկությունների ծավալին, որ կարող են տալ անալիզները,- նշել է նա։ Կրեմլը չի կարող դա պարզել։ Մենք անալիզներ չենք վերցնում, չենք ուսումնասիրում։ Մենք անալիզների արդյունքները չենք նայում, բացարձակապես անօգուտ է նայելը, մենք դրանից ոչ մի բան չենք հասկանում»։

Պեսկովը տարակուսանք է հայտնել Ալեքսեյ Նավալնու թունավորման վերաբերյալ Գերմանիայի հրապրակած տարբերակի պատճառով՝ ընդգծելով, որ խոլինեստերազի մակարդակի նվազեցման պատճառը դեռ չի պարզվել։ Նա նշել է, որ այս հարցում ռուս եւ գերմանացի բժիշկների բժշկական վերլուծությունը համընկնում է, «բայց եզրակացությունները տարբերվում» են։ «Մենք չենք հասկանում, թե ինչի հիման վրա են մեր գերմանացի գործընկերներն այդպես շտապում՝ գործածելով «թունավորում» բառը եւ այլն»,- ասել է Պեսկովը։ Նա շեշտել է, որ այդ տարբերակն առաջինների թվում է դիտարկվել նաեւ ռուս բժիշկների կողմից, բայց «նյութն առայժմ պարզված չէ»։

Տեղեկություններ բժիշկներից

ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ նորություն չէ Նավալնու առողջական վիճակի մասին գերմանական կլինիկայի հայտարարությունը: «Ցածր խոլինեստերազի փաստը հաստատել են Օմսկի հիվանդանոցի մեր բժիշկները առաջին իսկ ժամերին: Եվ անտրոպինը, որի մասին խոսել են գերմանացիները, ու որը ներարկում են, ներարկել են պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին իսկ ժամերին»,-ասել է Պեսկովը:

«Խոլինեստերազի մակարդակի նվազեցումը հնարավոր է ամենատարբեր պատճառներով»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ դա հնարավոր է տարբեր դեղերի կիրառման դեպքում: «Այստեղ շատ կարեւոր է պարզել, թե ինչն է դարձել դրա նվազեցման պատճառը: Հենց այդ պատճառով ո՛չ մեր բժիշկները, ո՛չ գերմանացիները չեն կարողացել սահմանել»,- ընդգծել է Պեսկովը:

Նա ենթադրել է, որ գերմանական կողմը կարող է հավելյալ տվյալներ ունենալ: «Այդ կապակցությամբ մեր բժիշկները, իհարկե, պատրաստ են ներկայացնել առաջին անալիզների նմուշները, նրանք գերմանացի գործընկերներին կառաջարկեն փոխանակվել տեղեկատվության եւ տարբեր կենսաբանական նյութերով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի հետ քննարկե՞լ է Նավալնու վիճակն ու նրա տեղափոխումը Գերմանիա, Պեսկովն ասել է, որ այդ թեման չի քննարկվել, այլ անդրադարձ է եղել:

Նա հավելել է, որ ռուս բժիշկները, որոնք 3 օր պայքարել են Նավալնու կյանքի համար, Պուտինի հատուկ հանձնարարականների կարիքը չունեին:

Մեղադրանքներ ՌԴ ղեկավարության հասցեին

Պեսկովն անլուրջ է անվանել այն մեղադրանքները, որ Նավալնուն, իբր, կարող էին թունավորել ՌԴ ղեկավարության հրամանով: «Այդ մեղադրանքները դատարկ խոսակցություններ են, եւ մենք մտադիր չենք դրանց լուրջ վերաբերվել»,- ասել է նա:

Պեսկովի կարծիքով՝ գերմանական կլինիկայի եզրակացությանը պետք է վերաբերվել հանգիստ եւ վերլուծելով գրվածը: