ԵՄ-ն կսահմանի պատժամիջոցներ ընդդեմ Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների

Եվրամիությունը կարագացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները մշակելու գործընթացը Միջերկրական ծովի արեւելյան մասում հորատման ապօրինի գործունեության պատճառով, ինչպես նաեւ կնախապատրասի լրացուցիչ միջոցառումներ Անկարայի նկատմամբ մինչեւ սեպտեմբերի 24-ն այն դեպքում, եթե առաջընթաց չգրանցվի թուրքական կողմից, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Պարզ է, որ ԵՄ-ն հիասթափված է Թուրքիայի վարքով, ուստի խնդրում է աշխատանքային խմբերին արագացնել աշխատանքները պատժամիջոցները սահմանելու շուրջ Կիպրոսի կողմից առաջարկված անձանց նկատմամբ ապօրինի հորատման աշխատանքների պատճառով։ Մենք նաեւ պայմանավորվել ենք, որ առաջընթացի բացակայության դեպքում կարող ենք գործարկել նոր պատժամիջոցներ, որոնք կքննարկվեն սեպտեմբերի 24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է նա։

Եվրամիությունը նաեւ կդիտարկի իր նավահանգիստներում ապօրինի հորատման գործունեություն ծավալող թուրքական նավերի մուտքն արգելելու հնարավորությունը։