Լիբանանի բնակչության ավելի քան կեսը հայտնվել է պարենային ճգնաժամի սպառնալիքի ներքո․ ՄԱԿ

Լիբանանի բնակչության ավելի քան կեսը հայտնվել է պարենային ճգնաժամի սպառնալիքի ներքո Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, նշված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ։

«Երկրի բնակչության ավելի քան կեսը կանգնած է հիմնական պարենային պահանջմունքները բավարարելու անհնարինության վտանգի առաջ մինչեւ տարեվերջ»,-նշված է Արեւմտյան Ասիայի համար ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է հանձնաժողովի գործադիր քարտուղար Ռոլա Դաշթին, պարենային ճգնաժամը կանխարգելելու համար անհրաժեշտ է ձեռնարկել արտակարգ միջոցներ։

Նրա խոսքով՝ Լիբանանում կառավարությունը պետք է որպես առաջնահերթություն դիտարկի Բեյրութի նավահանգստում ցորենի խոշորագույն պահեստի կառուցումը, որն ավիրվել էր պայթյունի հետեւանքով։

Համաձայն ՄԱԿ-ի հանձնաժողովի հայտարարության՝ 2020 թվականին արժեզրկման տարեկան մակարդակը ենթադրաբար կգերազանցի 50 տոկոսը, մինչդեռ այդ ցուցանիշը 2019 թվականին կազմել էր 2,9 տոկոս։

Համաձայն օգնություն ցուցաբերող գործակալությունների եւ փորձագետների պնդումների՝ Լիբանանում պարենի պահանջմունքի բավարարման 85 տոկոսը կախված է ներկրումից, եւ սիլոսի վերացումը Բեյրութի նավահանգստում կարող է վատթարացնել առանց այն էլ աղետալի իրավիճակը։

Այն նաեւ կոչ է արել միջազգային հանրությանը «ընդլայնել պարենային անվտանգության ծրագրերը, որոնք ուղղված են փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին» պոտենցիալ սոցիալական լարվածությունը թուլացնելու համար։