Բայդենը Թրամփին մեղադրել է համավարակի պայմաններում դպրոցների անվտանգությունն ապահովեու անկարողության մեջ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը առաջիկա ընտրություններում իր մրցակցին՝ Դոնալդ Թրամփին մեղադրել է համավարակի դեմ պայքարում անգործության և դպրոցներում դասերը վերսկսելու ծրագրի բացակայության մեջ։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։  

«Եթե ներկայիս ճգնաժամի ընթացքում նախագահ Թրամփը և նրա վարչակազմը կատարեին իրենց պարտականությունները, ամերիկյան դպրոցները բաց կլինեին, և այնտեղ սովորելը անվտանգ կլիներ»,- Դելավեր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը Բայդենի խոսքերն է մեջբերում CNN-ը: «Փոխարենը, ամբողջ երկրի ամերիկյան ընտանիքները ստիպված են վճարել նրա ձախողումների և նրա վարչակազմի ձախողումների համար»:

Ինչպես ընդգծել է Բայդենը, համավարակի պայմաններում Թրամփի վարչակազմը դասերը վերսկսելու «իրական ծրագիր չունի»: Իր կողմից նա ընդգծել է դպրոցներին շտապ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու անհրաժեշտությունը: «Նախագահ Թրամփը և կրթության նախարար Բեթսի Դևոսը չեն միջամտել իրավիճակին, և մենք տեսնում ենք, թե դա ուր է հասցրել»,- հավելել է նա: «Միլիոնավոր դպրոցականներ նոր ուսումնական տարին սկսում են այնպես, ինչպես նրանք ավարտեցին վերջին ուսումնական տարին՝ տանը»:

Միաժամանակ, նահանգների և խոշոր քաղաքների իշխանությունները ձեռնարկում են անկախ միջոցառումներ` դպրոցներում ուսումնական գործընթացի անվտանգությունն ապահովելու համար: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն այս շաբաթ հայտարարեց, որ քաղաքի դպրոցներում դեմ առ դեմ դասերը կսկսվեն սեպտեմբերի 21-ին` սովորականից 10 օր ուշ: Նյու Յորքի դպրոցական շրջանի համար, որն ունի 1,8 հազար դպրոց և 1,1 միլիոն աշակերտ, իշխանությունները կորոնավիրուսի թեսթավորման խիստ չափանիշներ են սահմանել։ Դպրոցները կփակվեն, եթե յոթ օրվա ընթացքում շրջանում վարակների թիվը գերազանցի 3%-ը, մինչդեռ մնացած դպրոցական շրջանների համար այս չափանիշը 5% է:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում ամերիկյան իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ պաշտոնական աղբյուրների զեկույցների հիման վրա, ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակի ավելի քան 6,09 միլիոն դեպք է գրանցվել, ավելի քան 184,8 հազար մարդ մահացել է: Մահվան ամենամեծ քանակը՝ 32 971, գրանցվել է Նյու Յորք նահանգում: