Նավալնուն անջատել են ԹԱՕ սարքից

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու վիճակը շարունակում է բարելավվել։ Այս մասին հայտարարել է Բեռլինի «Շարիտե» կլինիկան, որտեղ նա բուժում է ստանում, փոխանցում է «Մեդուզան»։ 

Նավալնուն հաջողությամբ անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքից։ Նա կարող է կարճ ժամանակով ոտքի կանգնել, հայտարարել են «Շարիտեից»։

Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը վատթարացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա օդանավում։ Նրան շտապ հոսպիտալացրել էին Օմսկում, իսկ օգոստոսի 22-ին կոմայի վիճակում տեղափոխել էին «Շարիտե» կլինիկա։

Գերմանացի բժիշկները սկզբում նրա վիճակը գնահատել էին որպես կայուն ծանր։ Նրանք սեպտեմբերի 7-ին հայտնել էին, որ Նավալնուն կոմայից հանել են եւ փոխանցել ինքնուրույն շնչառության, նա սկսել էր արձագանքել շրջապատողների դիմելու դեպքում։

Գերմանիայի կառավարությունը սեպտեմբերի 2-ին հայտնել էր, որ Նավալնուն թունավորել էին «Նովիչոկ» խմբի նյարդակաթվածահարող նյութով։ Թույնը գտել էին գերմանական բանակի լաբորատորիայում, դրա առկայությունը հաստատել էին Շվեդիայի եւ Ֆրանսիայի լաբորատորիաները։