Դոնալդ Թրամփն ու Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առիթով

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեծարգո վարչապետ,

Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ Սեպտեմբերի 21-ի՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ:

Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը եւ տնտեսական զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առեւտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության եւ Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում:

Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ եւս վերահաստատում են մեր գործընկերության կարեւորությունը: Հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ կապերն անհերքելիորեն ամուր են ու տեւական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:

Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք եւ անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։

Իր հերթին նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով:

Պոմպեոյի շնորհավորական ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` անկախության օրվա առթիվ` ի հիշատակ Խորհրդային Միությունից անկախության հռչակման:

Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, քանի որ մենք ամրապնդում ենք մեր ժողովուրդների կապերը ` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և խաղաղության, բարգավաճման վրա»:

Պոմպեոն շեշտել է՝ Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման և տնտեսական, ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի շարունակական հանձնառությունը:

ԱՄՆ-ն ողջունում է նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը՝ թափանցիկության, պատշաճ ընթացակարգերի և քաղաքացիների առջև պատասխանատվության բարձրացման միջոցով, և կշարունակի աջակցել Հայաստանին այս ջանքերում:

«Մենք նաև հավատարիմ ենք մնում  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն օգնելու հարցում և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Չնայած COVID-19- ը այս տարի եզակի մարտահրավերներ է բերել աշխարհին, մենք հպարտ ենք, որ համավարակի  դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունը էլ ավելի է ամրապնդել մեր ժողովուրդների համագործակցությունը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարն ու հավելել՝ հայ ժողովրդին մաղթում է խաղաղության, ազատության և բարեկեցության տարի: