«Բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է»․ The Sunday Times-ը՝ ԼՂ հակամարտությունում Թուրքիայի մասնակցության, Բրիտանիայի վարած քաղաքականության և Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի մասին

Փորձեք պատկերացնել, որ Գերմանիան միջամտում է Իսրայելի և պաղեստինցիների միջև ռազմական հակամարտությանը՝ հրեական պետության դեմ պայքարելու համար ուղարկելով վարձկաններ, օգտագործելով իր կործանիչները և ռմբակոծելով քաղաքացիական տարածքները. դա անհնար է պատկերացնել, քանի որ ժամանակակից Գերմանիան խորապես գիտակցում է իր պատմական անցյալը և դրա հետ կապված բարոյական պատասխանատվությունը. Հոլոքոսթի ժխտումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում հրեական զոհերի բազմաթիվ հուշարձաններ կան, գրում է The Sunday Times թերթը՝ համեմատականներ տանելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության հետ։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հրահրած պատերազմին՝ հոդվածագիր Դոմինիկ Լոսոնը նշում է, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը հազարավոր ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելով միայն քաղաքական շահ է տեսնում»։

Մատնանշելով ղարաբաղյան հակամատությունում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնակցությունը և Ֆրանսիայի հնչեցրած կոշտ դիրքորոշումը, հոդվածագիրը հայտնում է, որ «բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է», քանի որ ինչպես «Լորդ Բայրոնն է ասել «հայոց լեզուն այն լեզուն է, որով կարելի է խոսել Աստծո հետ», իսկ Ուիլյամ Գլադստոնի խոսքով՝ «ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»:

«Հայրական կողմից Բորիս Ջոնսոնի (Մեծ Բրիտանիայի վարչապետ) նախապապը Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր էր, ով քաղաքականության մեջ մտավ և դարձավ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար: Նա վճռական էր տրամադրված պատասխանատվության ենթարկել հայերի զանգվածային սպանությունների հազարավոր մեղավորներին, և այդ մասին բացահայտ հայտարարել է»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ իր բազմաթիվ հայամետ հայտարարությունների համար վերջինս դաժանորեն սպանել են։

Հոդվածագրի խոսքով՝ «թեև Բորիս Ջոնսոնը, ինչպես ասում են, հպարտանում է իր թուրքական ծագմամբ, իսկ երբ նա դարձավ վարչապետ թուրքական մամուլը նրան հռչակեց «օսմանների թոռ», նա երբեք հրապարակավ չի խոսել իր նախապապի սպանության կամ դրա պատճառների մասին»։

«Այս կապակցությամբ առաջանում է երեք հարց․ արդյո՞ք Էրդողանն այն մարդն է, ում բրիտանական կառավարությունը պետք է ավելացնի զենքի վաճառքը։ Ինչպե՞ս կզգա վարչապետը, եթե նրանք ավելի շատ հայերի սպանեն և ի՞նչ կասեր նրա նախապապը»,- գրում է հոդվածագիրը։