Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ հոկտեմբերի 22-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ» թերթը գրում է.««Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որոնք կրքեր բորբոքեցին։ Բանն այն է, որ, մամուլի հրապարակումների համաձայն, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, և ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարևոր ինֆորմացիա է պարունակել։ Ներկաներին հորդորել են որևէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը. դա կվնասի Հայաստանին։ Ապա նաև տեղեկություն տարածվեց, թե այդ նամակը եղել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, որում խոսք է գնացել 5+2 շրջանների հանձնման մասին։

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի կողմից ուղարկված որևէ նամակ չկա ու չի եղել նաև այդ օրը, ավելին՝ վերջնական տեսքի բերված որևէ պաշտոնական նամակ ուղղակի գոյություն չունի։ Մենք տեղեկացանք, որ պարզապես քննարկում է եղել, որ եթե որևէ նամակ գրելու անհրաժեշտություն լինի, ապա պետք է բանակցությունների սեղանի շուրջ քննարկումների վերադարձի պատրաստակամության մասին մի նամակ գրվի, որը պետք է լինի Արցախի բոլոր նախկին նախագահների համաձայնությամբ, ստորագրությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման նամակ ունենալու անհրաժեշտության մասին առաջինը խոսել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Արցախում, հետո այդ հարցը քննարկել է նաև Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ապա նաև Երևանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն գործնականում հարցը քննարկումներից այն կողմ չի անցել և փաստաթղթի չի վերածվել։ Ամեն դեպքում, եթե անգամ ապագայում որևէ նամակ լինի, ապա դրանում խոսք չի կարող լինել 5+2 շրջանների հանձնման մասին, այլ լինելու է մի այնպիսի բովանդակություն, որը ցույց կտա, թե հավաքական Արցախն ինչ է ուզում բանակցություններում, ինչպես է տեսնում հարցի կարգավորումը և ինչ պայմաններով։ Նամակում նշվելու է միայն, որ պաշտոնական Արցախը կողմ է բանակցությունների սեղանին վերադառնալու գաղափարին։ Ընդամենը»։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առկա իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Փաշինյանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական ուժերի, այդ թվում՝ արտախորհրդարանականների հետ։ Նախօրեին հանդիպել էր նաև Արցախի նախկին նախագահներին:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: Սա, իհարկե, աննախադեպ երևույթ է ու միասնաբար ստեղծված վիճակից շահեկանորեն դուրս գալու լավագույն ճանապարհը:

Ընդհանրապես, տարբեր կարծիքներ լսելու, ականջալուր լինելու հանգամանքը չափազանց կարևոր է բոլորի, առավել ևս ցանկացած իշխանության համար, այդ մասին բազմիցս խոսել ենք նաև նախապատերազմական շրջանում:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ ժամանակին պարտավոր էինք ձևավորել այնպիսի մթնոլորտ և իրավիճակ, որ ունենայինք միասնական օրակարգով առաջ շարժվելու հստակ հայեցակարգեր։

«Ցավոք, նմանօրինակ բարդ ու ֆորսմաժորային իրավիճակներում ենք հասկանում ազգային միասնականության գաղափարի կարևորությունը, երբ վտանգ է սպառնում յուրաքանչյուրիս անհատապես, հենց այդ ժամանակ էլ մոռանում ենք բոլոր տարաձայնությունները։

Հարց է առաջանում՝ եթե կարողանում ենք նման իրավիճակներում այդպիսի բնավորություն ցուցաբերել, ի՞նչն է խանգարում մշտապես կուռ հասարակություն լինել։ Բայց հիմա էլ ամեն ինչ վերջնականապես կորած չէ։

Ռազմաքաղաքական և դիվանագիտական ճակատներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ավելի լայն համագործակցություն, ինչի նշաններն արդեն նշմարվում են. եթե բոլոր ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործենք, միասնական տեսակետներով հանդես գանք, այդ դեպքում կկայացնենք այնպիսի որոշումներ, որոնք կլինեն բացառապես ի շահ մեր պետության և ժողովրդի և ընդունելի կլինեն հասարակության բոլոր շերտերի համար։ Այդ դեպքում միանշանակ կունենանք հաջողություններ»,-ասաց Խաչատրյանը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն ժամին, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում էր Մոսկվայում եւ ՌԴ իր գործընկերոջ հետ քննարկում էր կոնֆլիկտի կարգավորման հարցը, «լայվ» մտավ եւ կոչով դիմեց հանրությանը, որ պետք է զինվել եւ կռվել թշնամու դեմ մինչեւ վերջ։

Ըստ էության, բացեց փակագծերը, թե ինչ է խոսել վերջին օրերին արտախորհրդարանական ուժերի հետ իր քաղաքական փակ հանդիպումներում, որից դժգոհ են դուրս եկել ընդդիմադիրները։ Նա ասաց այն, ինչը մեզ արգելված է եղել գրել այս օրերին՝ որ մեզ պարտադրում են ստորագրել կապիտուլյացիայի ակտ, եւ այլեւս խոսք չկա տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձեւի մասին։

Առհասարակ՝ դիվանագիտական լուծում, ըստ վարչապետի, այս պահին հնարավոր չէ։ Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այլընտրանքային լուծում չառաջարկեց՝ հույսը թողնելով միայն հայ զինվորի տոկունության եւ մեր պատմական արիության վրա, որ այս անգամ էլ կռվենք մինչեւ վերջ եւ հաղթենք։

Նրա միակ կոչն ուղղված էր համայնքապետերին, որ կամավորական ջոկատներ կազմեն եւ գնան կռվելու»: