Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ, ես չգիտեմ` ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին ահաբեկիչ զինյալներին պատերազմի մեջ. Զոհրաբ Մնացականյան

Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ մենք համագործակից պետություն ենք տարբեր հարթակներում, ուղղություններում, այսօր լրջագույն մարտահրավեր ունենք մեր առաջ, որը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար: «Պարզ լեզվով ասած՝ դա վերաբերում է այն ագրեսիվ քաղաքականությունը, որը վարում է Թուրքիան: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում մարտի դաշտում, դա նաև աշխարհագրական մարտահրավեր է»,-ասաց նա և նշեց, որ մեր գործընկերների հետ շարունակելու ենք աշխատել, որ կարողանանք անհրաժեշտ արդյունքների հասնել տարածաշրջանում կայունությունը և խաղաղությունը պահպանելու և մեր ազգային այս լուրջ վտանգը նվազեցնելու և բացառելու առումով:

Նա նշեց, որ Արցախի այսօրվա գոյութենական պայքարը հայ ժողովուրդն իր ուժերով է տանում, բայց Հայաստանն ունի նաև անհրաժեշտ համագործակցության բոլոր եղանակները և հնարավորությունները, որոնք այսօրվա պայմաններում օգտագործվում են և պետք է օգտագործվեն հնարավորինս ակտիվ: Նա ասաց, որ մենք եղել և մնում ենք միջազգային հարաբերությունների սուվերեն անդամ, հետապնդում ենք մեր շահերը:

«Հայ ժողովուրդը պայքարում է փաստացի երեք թշնամու դեմ՝ Թուրքիայի, միջազգային ահաբեկիչ զինյալների և Ադրբեջանի դեմ, և ահաբեկիչ զինյալների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան բուն մեզ համար, դրա հետևանքները լրջագույն են: Ես չգիտեմ՝ ինչով էին մտածում Բաքվում, երբ ներքաշում էին այդ զինյալներին այս պատերազմի մեջ, քանի որ դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար և տարածաշրջանից դուրս: Սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որը առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ»,-ասաց նա: