Մայք Ռուբին. Բայդենն իր նախագահության առաջին օրը պետք է չեղարկի պատժամիջոցներից Ադրբեջանի բացառումը

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը կուսակցական տարաձայնությունների հարթումն իր քարոզարշավի սյունն է դարձրել: Եթե նախկին փոխնախագահը ցանկանա այդ խոստումը կատարել ներքին քաղաքականության մեջ, ապա չի գտնի սկզբի համար ավելի լավ հնարավորություն, քան Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու երկկուսակցական փորձերը ղեկավարելն է: Այս մասին National Interest-ում իր հոդվածում գրում է Մայք Ռուբինը:

«Առաջին պատերազմի ժամանակ Կոնգրեսն ընդունել է ազատության աջակցության մասին օրենքը, որի 907-րդ հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ն «չի կարող աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը որոշում չի կայացրել եւ չի զեկուցել Կոնգրեսին այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում բոլոր շրջափակումները եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական ուժային միջոցները դադարեցնելու համար»: Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, թե այդ պատժամիջոցն անարդար է՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ճանաչում եւ հաստատում է ստալինյան դարաշրջանի սահմանների փոփոխությունը, սակայն սկզբնապես աջակցություն չէր ստանում Կոնգրեսում կամ Սպիտակ տանը:

Սակայն ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հայրը, «Ալ Քաիդա»-ի հարվածներից հետո միավորվեց ԱՄՆ-ի հետ եւ իրեն հայտարարեց Ջորջ Բուշի դաշնակիցը «ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում»: Ալիեւ ավագը թույլ տվեց Ադրբեջանն օգտագործել հակաահաբեկչական գործողությունների համար, եւ երկիրը կարեւոր վայր դարձավ գաղտնալսման համար, քանի որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունն աճում էր: Միացյալ Թագավորությունը, որը, հավանաբար, առաջնորդվում էր Ադրբեջանում British Petroleum-ի շահերով, խրախուսում էր մերձեցումը, ինչպես Իսրայելը, որը հօգուտ Ադրբեջանի լոբինգ էր կազմակերպում ինչպես ուղիղ, այնպես էլ Միացյալ Նահանգներում հրեական կազմակերպությունների միջոցով:

Որպես պարգեւ այն բանի համար, որ Ադրբեջանը դժվար պահին իրեն դրսեւորում է որպես ԱՄՆ-ի դաշնակից, Կոնգրեսը փոփոխություններ կատարեց 907-րդ հոդվածում՝ թույլ տալով բացառություններ անել:

Սակայն Ադրբեջանի ներկայիս հարձակումը խախտում է 907-րդ հոդվածում արված բոլոր բացառությունների պայմանները, որոնք վերջին անգամ երկարաձգվել են 2020 թվականի մարտին պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի կողմից: Այն դեպքում, երբ նախ Հեյդարը, ապա նաեւ Իլհամ Ալիեւը երբեւէ հանդես էին գալիս «Ալ Քաիդա»-ի դեմ, այժմ Ադրբեջանն աշխատում է Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանների հետ, որոնցից շատերն ավելի վաղ անդամակցում էին «Ալ Քաիդա»-ի կամ էլ «Իսլամական պետության» հետ կապված խմբավորումներին: Ըստ էության, Ադրբեջանը հետեւում է Թուրքիայի եւ Պակիստանի օրինակներին, որոնք հաճախ իրենց ներկայացնում են որպես ահաբեկչության դեմ պայքարի հարցով գործընկերներ, ընդ որում, գաղտնի աջակցելով հակաարեւմտյան ահաբեկիչներին:

Ադրբեջանը հրապարակայնորեն հերքում է իր ագրեսիան, սակայն արդեն խարխլել է իր հանդեպ վստահությունը, երբ պաշտպանության նախարարությունը թվիթթերում հայտարարություն տարածեց, որում նախապես մեղադրում էր Հայաստանին հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչը հիշեցնում է 2013 թվականի միջադեպը, երբ Բաքուն պատահաբար հրապարակեց ընտրությունների արդյունքները մինչ քվեարկության սկսվելը: Բաքուն նաեւ հերքում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ուղարկման փաստը՝ չնայած նրան, որ Ադրբեջանին բարեկամ լրագրողները հարցազրույցներ են վերցրել սիրիացիներից:

2018 թվականին, երբ ազգային հեղափոխությունը վերականգնեց Հայաստանում ժողովրդավարությունը, ԱՄՆ կառավարությունն Ադրբեջանին ավելի քան 100 մլն դոլարի չափով անվտանգության ոլորտում աջակցություն տրամադրեց՝ չնայած նրան, որ այդ երկիրը շարունակում է գլորվել դեպի ավտորիտարիզմը: Այժմ այդ գումարները խաղաղություն չեն բերում, այլ օգտագործվում են էթնիկ զտումները ֆինանսավորելու համար:

Հոկտեմբերի 28-ին Բայդենը հայտարարություն տարածեց, որում «Թրամփի վարչակազմին կոչ է անում լիարժեք կատարել եւ չհրաժարվել 907-րդ հոդվածի պահանջներից»:

Հուսանք, որ Բայդենն ու իր աջակիցները չեն փորձում պարզապես քաղաքական առավելություն ստանալ:

Այն, որ Պետքարտուղարությունը աչք է փակում Ադրբեջանի կողմից խախտումներին եւ պահպանում այդ բացառումը, վիրավորանք է բոլոր կոնգրեսականների համար՝ լինի դեմոկրատ, թե հանրապետական:

Ադրբեջանը չկատարեց ահաբեկչության դեմ պայքարի հարցով իր պարտավորությունները, ինչպես նաեւ Հայաստանի հետ վեճում խաղաղ կարգավորման հասնելու խոստումները: Եթե Բայդենը հաղթի, ապա նա կկարողանա ցույց տալ իր հռետորաբանության անկեղծությունը՝ ստեղծելով լայն երկկուսակցական կոալիցիա: Նա կարող է հետագայում այդ ներքին կոալիցիան օգտագործել այլ հարցերով կոնսենսուսը վերականգնելու համար՝ Միջերկրական ծովից մինչեւ Մերձավոր Արեւելք եւ Ասիա: Չկա ավելի ուժեղ արտաքին քաղաքականություն, քան երկկուսակցական կոնսենսուսի եւ համագործակցության վրա հիմնված քաղաքականությունը»: