Փարիզի քաղաքապետն Արցախի անկախության ճանաչման կոչով կդիմի Ֆրանսիայի ԱԳՆ-ին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Արցախի Հանրապետությունը ճանաչելու կոչով կդիմի Ֆրանսիայի ԱԳ նախարարությանը։

«Փարիզի խորհուրդը կողմ է քվեարկել հակամարտության մի քանի շաբաթներից հետո լրջորեն տուժած Լեռնային Ղարաբաղի հայերին օգնության տրամադրման մի շարք միջոցառումների՝ ցանկություն հայտնելով ճանաչել Արցախի Հանրապետությունը», —Twitter-ի իր էջում գրել է Իդալգոն՝ հավելելով, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով (Fonds Armenien de France) 50 000 եվրոյի չափով լրացուցիչ օգնություն կուղարկվի ԼՂ բնակչությանը։

Ելույթ ունենալով Փարիզի խորհրդի նիստում՝ քաղաքապետը նշել է, որ մտադիր է դիմել Ֆրանսիայի արտգործնախարարին՝ «առաջարկելով ճանաչել Արցախի Հանրապետությունը և համագործակցություն հաստատել երկրի հետ»։

Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը, այդ մասին հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն։

Նոյեմբերի 6-ին Կորսիկայի վեհաժողովը բանաձև է ընդունել՝ կոչ անելով ՄԱԿ-ի և ԵՄ-ի բոլոր երկրներին ճանաչել Արցախի Հանրապետությունը: