Ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, որը քննարկել ենք իրար հետ. Հարությունյանի ու Փաշինյանի հանդիպումը Երեւանում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրանք քննարկեցին պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջիկա անելիքները։

«Իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել եւ ծանր որոշումներ ենք կայացրել։ Հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերը Արցախում բնականոն կյանքը վերականգնելու մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու եւ վերադարձի համար պայմաններ ապահովելու համար։ Հայաստանի Կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Արցախի մեր հայրենակիցների ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն։ Ճանապարհային քարտեզ եմ հրապարակել, որին, համոզված եմ, ծանոթ եք, քննարկել ենք իրար հետ։ Այստեղ մեր հիմնական խնդիրը Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է։ Մյուսը զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքներն ապահովելը, անհետ կորածների ճակատագրերի պարզումը հնարավորինս արագ, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովելը, ինչպես նաեւ հաշմանդամություն ստացած զինծառայողների եւ քաղաքացիների, սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը։ Պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունի թե Հայաստանը, թե Արցախը, եւ մենք պետք է համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ արցախցիների հոսքը դեպի Արցախ՝ ընթանում է բավական մեծ տեմպերով. «Ոչ միայն ամենօրյա, այլ պատերազմի օրերին օրը մի քանի անգամ ենք հնարավորություն ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը։ Ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավական մեծ տեմպերով. մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար հոգի վերադարձել են»։

Հարությունյանը շնորհակալություն հայտնեց սոցիալական խնդիրների առնչությամբ ՀՀ կառավարության արձագանքի համար։