Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրգործ

2020 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 16:57-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ կրակոցներ են հնչում: Նույն օրը՝ ժամը 17:17-ին, ահազանգ է ստացվել նաեւ բժշկական կենտրոնից այն մասին, որ «ազդրի հրազենային վնասվածք»  ախտորոշմամբ իրենց է դիմել Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ռազմական համալսարանի պատի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքին նմանվող հետքեր, ինչպես նաեւ՝ 25 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, 3 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ չկրակված 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 5.45մմ տրամաչափի չկրակված գնդակ, 1 հատ արնանման հետքերով փայտե մահակ եւ 1 հատ սպորտային սեւ գլխարկ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «АК 74» տեսակի ինքնաձիգ՝ 1 հատ փամփշտակալով` լիցքավորված 3 փամփուշտներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, դատանյութագիտական, դատագենետիկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: