Սակրավորները Ստեփանակերտում ավելի քան 15 հազար զինամթերք են հայտնաբերել

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտից մի քանի շաբաթ անց սակրավորները Ստեփանակերտում և նրա շրջակայքում հայտնաբերել են ավելի քան 15 հազար զինամթերք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը։

«Ավելի քան 15 հազար զինամթերք է հայտնաբերվել, և դա միայն Ստեփանակերտում և նրա ծայրամասում։ Աշխատել են Արցախի հումանիտար ականազերծման կենտրոնը և խաղաղապահ ուժերի ականազերծման կենտրոնը։ Մեզ հենց նոր միացան ԱԻՆ սակրավորները, այսօր առաջին օրն է։ Բայց խաղաղապահների հետ մենք վաղուց ենք աշխատում, երևի՝ 10-12 օր»,- ասել է Մեսրոպյանը։

Նա նաև նշել է, որ ականազերծման աշխատանքները սկսվել են հենց Ստեփանակերտից, քանի որ մարդկանց հոսքը մայրաքաղաք համեմատաբար մեծ է։

«Մարդիկ հիմնականում վերադառնում են Ստեփանակերտ։ Մյուս շրջաններում շատ են ավերված տները, իսկ Ստեփանակերտում մարդիկ են տեղակայվում։ Դրա համար էլ բարձրագույն ղեկավարության հետ որոշեցինք, որ պետք է սկսել Ստեփանակերտից»,-ասել է Մեսրոպյանը։