ԵԱՏՄ երկրների ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում ընդունելու են մինչև 2025թ. ինտեգրման ռազմավարությունը

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կառույցի գագաթնաժողովի ընթացքում ընդունելու են մինչև 2025 թվականի ինտեգրման ռազմավարությունը, հնարավոր է նաև որոշում ընդունվի Ուզբեկստանին և Կուբային կառույցում դիտորդի կարգավիճակ տալու մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Հայտնի է, որ  Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն ընթանում է տեսակապի ձևաչափով:

«Ընդարձակ օրակարգ է, բազմաթիվ փաստաթղթեր: Իհարկե, համաճարակն իր հետքն է թողնում, քննարկումների մեծ մասը նվիրված է լինելու համաճարակի դեմ պայքարի համատեղ գործողությունների իրականացման ծրագրին, որը հանձնաժողովը հաստատել է ամռանը: Օրակարգի հիմնական փաստաթուղթը հավանաբար կլինի մինչև 2025 թվականը  Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին փաստաթուղթը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ ինտեգրումը, չնայած համաճարակային բոլոր դժվարություններին, շարունակում է զարգանալ և բարելավվել: