Ադրբեջանական ուժերը հատուկ են գնում սադրանքների, ինչն ունի հեռահար նպատակ՝ ձևակերպել խաղաղապահների դուրս բերման օրակարգ. Նիկոլ Փաշինյան

Գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում, և ինչպես ասել եմ այդ իրադարձությունների մեկնարկի հետ՝ խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց դրանից իրավիճակը չի կայունացել: Այս մասին Azatutyun.am-ի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների նաև հակամարտության գոտում խաղաղապահների ներկայության փաստը արժեզրկելու համար և այս տեղային գործողություններն ունեն հեռահար, գլոբալ նպատակ՝ խաղաղապահների դուրս բերման օրակարգ ձևակերպելու համար»,-ասաց նա:

Նա կարևոր համարեց արձանագրել, որ երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել և այս առումով բոլոր այդ գործողությունները դիտարկում են այս համատեքստում: «Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանատվությանը, ՀՀ-ն որևէ պատասխանատվություն իր վրայից չի թոթափում, բայց նաև իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս գործողությունները պետք է լուծենք խաղաղապահների, ՌԴ-ի հետ սերտ համագործակցությամբ»,-ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև այսօր նման հարց դնել, իհարկե, չի ստացվի՝ խաղաղապահների դուրս բերման, բայց ակնհայտ է, որ փորձում են խաղաղապահների ներկայությունն արժեզրկել։ Նա նաև կարևոր է համարել, որ ՌԴ-ի արձագանքն այս իրադրությանը լինի համարժեք:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մասնավորապես Հին Թաղերում և Խծաբերդում գտնվում են ռուս խաղաղապահներ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, ադրբեջանական և հետախուզական տվյալներով՝ թուրքական որոշ ստորաբաժանումներ:

«Իրավիճակը բավական լարված է և բարդ է և նաև մեր տեղեկություններով նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, կապի խնդիր կա, քանի որ տեղանքի, իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, որոնք ռուս խաղաղապահներն ունեն: Այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը պետք է գտնվի ՊԲ վերահսկողության ներքո»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եռակողմ հայտարարության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը, և հայտարարության դրույթների խախտումը պետք է արձանագրվի և հետևեն կոնկրետ քայլեր: Նա նշել է, որ իրադրությունն առաջին հերթին պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական շփման ճանապարհով: