Արա Այվազյանն էստոնացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր

Դեկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ:

Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն անդրադարձան հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Մտքեր փոխանակվեցին նաև բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

Նախարարներ Այվազյանը և Ռեյնսալուն քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցները կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: