Հարուստ անցյալ, բայց անորոշ ապագա․ ԼՂ-ում վտանգված է հայկական քրիստոնեական հուշարձանների ապագան․ The Conversation-ի անդրադարձը

Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, The Conversation-ում գրում է հետազոտող, գրող, պատմաբան, Թաֆթսի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանչին։

Մարանչիի խոսքով՝ մշակութային ժառանգության պահպանման կազմակերպություններն անհանգստացած են, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում բազմաթիվ պատմական հայկական եկեղեցիները, վանքերն ու տապանաքարերը կարող են վանդալիզմի ենթարկվել և ավերվել։

Պատերազմն արդեն վնասել է բազմաթիվ հայկական հուշարձաններ։ Աշնանը ադրբեջանական զորքերը գնդակոծել են Տիգրան Մեծի կողմից հիմնադրված Տիգրանակերտ հնագույն քաղաքը։

Վնասվել է նաև Շուշիի պատմական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որն աշխարհի խոշորագույն հայկական տաճարներից մեկն է։ Շուշին ԼՂ-ի մշակութային մայրաքաղաքն է, նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո Շուշիում պղծվել է նաև Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Միջնադարյան ժառանգություն

Լեռնային Ղարաբաղը հայ արվեստի պատմության մեջ ուշագրավ տեղ է զբաղեցնում իր հնագույն ժառանգության, կրոնական ինքնության շնորհիվ։

Ամարաս վանքը, որը գտնվում է հարավ-արևելքում, հիմնադրվել է 4-րդ դարում, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնությունը։

Լեռնային Ղարաբաղի շատ այլ եկեղեցիներ թվագրվում են 13-18-րդ դարերին և իրենց պատերում  ներառում են խաչքարեր։ Խաչքարերի վրա հաճախ են հանդիպում հայերեն գրություններ։

Ինչպես նշում է հոդվածագիրը, Քաշաթաղի շրջանում գտնվող Ծիծեռնավանքը նույնպես վկայում է այդ տարածաշրջանում հայկական ներկայության մասին։

Հարուստ անցյալ, բայց անորոշ ապագա

Լեռնային Ղարաբաղը բազմաթիվ ճարտարապետական ավանդույթների հայրենիքն է։ Այստեղ կան նախապատմական քարանձավներ և ժայռապատկերներ, ինչպես նաև միջնադարյան և ժամանակակից իսլամական դամբարաններ և մզկիթներ, կամուրջներ և ամրոցներ։

Սակայն մշակութային ժառանգությունների կազմակերպությունները, թանգարանները, գիտնականները, լրագրողներն ու եկեղեցական առաջնորդներն ամենից շատ մտահոգված են բնիկ հայ բնակչությանը ներկայացնող մեծ թվով հայկական քրիստոնեական հուշարձանների ճակատագրով։

Գիտնականները մտավախություն ունեն, որ հուշարձանները կարող են բախվել նույն ճակատագրին, ինչին բախվեցին Նախիջևանում գտնվող հայկական հուշարձանները։

«Ես կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների թվայնացումը վճռորոշ նշանակություն ունի պատերազմից անմիջապես հետո դրանց վիճակը ֆիքսելու համար։ Եթե դրանք ոչնչացվեն, ապա իմ նման շատ գիտնականների կարծիքով, համաշխարհային ժառանգությունը ողբերգական կորուստ կկրի»,-հավելում է Մարանչին։