ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՀՀ–ում Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու ՀՀ–ում ներդրումային ծրագրերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում  ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։

Դեսպան Յոն Ֆանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Այնուհետև նախարարը և դեսպանը փոխադարձ շնորհավորել են միմյանց իրենց պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։  

Անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության հեռանկարներին, ՉԺՀ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները լավ հիմքի վրա են կառուցված, սակայն առկա է դրանք զարգացնելու մեծ ներուժ։  

Կողմերը գոհունակությամբ նշել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկան։

Էկոնոմիկայի նախարարը կարևորել է փոխշահավետ գործակցության ուղղությամբ նորացված օրակարգի ձևավորումը և դրա իրականացման ճանապարհային քարտեզի ուրվագծումը։   

Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում ներդրումային ծրագրերին, մասնավորապես նշելով ջրամբարաշինության, ճանապարհաշինության, բազմաբնակարան շենքերի կառուցման, արդյունաբերության, արդյունաբերական քաղաքի ծրագրերը, նաև առաջարկել է Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն՝ արտադրանքը ԵԱՏՄ և Իրանի շուկաներում սպառելու հեռանկարով։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2021թ. հունվարի 1-ից կգործի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի տարածք ներմուծելու արգելքը։ Այդ կապակցությամբ չինական կողմին կտրամադրվի նշված ապրանքատեսակների ցանկը, որպեսզի չինական ընկերությունները ուսումնասիրեն և ներկայացնեն իրենց առաջարկությունները՝ նման ապրանքներ Հայաստան ներկրելու վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացմանը՝ կարևորելով երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման անհրաժեշտությունը։      

Հանդիպման ավարտին կողմերն առաջարկել են ձեռնարկել կոնկրետ քայլեր նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ, նաև պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել հանդիպման ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով։