Մանրամասներ Փաշինյանի և «Իմ քայլի» հանդիպումից. ինչ առաջարկ է արվել․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ դեկտեմբերի 16-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ»-ը գրում է, թե «օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների միջեւ տեղի ունեցած հանդիպումից: Իշխանությունները լայն թափով սկսել են լծվել Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների գործին: Չնայած հանձնաժողովը վաղուց գործում էր, սակայն մինչ այժմ աչքի էր ընկնում անարդյունավետ աշխատանքով.

Դրա համար հիմա փորձում են ավելի արագ աշխատանքները կազմակերպել, քանի որ հասկանում են՝ պահանջ կա արտահերթ ընտրությունների անցկացման: Եվ, ահա, երեկ, մեր տեղեկություններով, հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացրել է, թե ինքն ինչպես է պատկերացնում կատարվելիք փոփոխությունները, ասել է, որ ավելի կողմնակից է ամբողջական համամասնական ընտրակարգի` վերացնելով ռեյտինգային ընտրակարգը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, ներկայումս վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Նախարարն էլ, պատգամավորներն էլ ներկայացրել են իրենց տեսակետները, սակայն, մեր տեղեկություններով, խնդիրն այն է, որ չնայած այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սակայն խմբակցության ներսում ծանր իրավիճակ է, քանի որ կա մի հատված, որը կարծում է՝ իշխանությունները որեւէ ձեւ չեն կարող տրամադրություն փոխել երկրում, եւ կարծում են՝ կոնկրետ քայլեր են պետք ձեռնարկել, որպեսզի ճգնաժամը երկրում հաղթահարվի: Բայց նրանք դա ասում են մեղմ, ակնարկներով եւ շատ զգուշորեն:

Բայց, ամեն դեպքում, թիմում բարձրաձայնում եղել է, որ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններով մարդկանց տրամադրությունը չի փոխվի, եւ պետք է առաջիկայում հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին»:»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. հուլիսի 16-ին և նախատեսում է, որ Ղազախստանից նավթամթերքի ներմուծումը ազատվում է մաքսատուրքից: Համաձայնագրի ամբողջ հմայքն այն է, որ դրանով նախատեսվում է, որ մինչև դեկտեմբերի 1-ը պետք է հստակեցվեն Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներմուծվող նավթամթերքի չափաքանակները՝ թերևս այն նպատակով, որ Ղազախստանից ներմուծվող նավթամթերքը բացասաբար չազդի Ռուսաստանից ներմուծվողի սպառման ծավալների վրա»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները գուժեցին, որ Արցախի Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերը վերջնականապես անցան թշնամուն։ Վերջին օրերին այս համայնքների համար թեժ մարտեր էին ընթանում, մի պահ հայտարարվեց, թե գյուղերը ռուս խաղաղապահների ջանքերով կմնան հայկական վերահսկողության տակ, մինչդեռ երեկ հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ դրանք եւս հանձնվել են։ ՀՀ պատկան մարմինները որեւէ պարզաբանում չեն ներկայացնում սրա վերաբերյալ։

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում գիտե՞ն, թե ինչու այդ համայնքները հանձնվեցին հակառակորդին։ «Այդ  հարցը պետք է տաք Նիկոլ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին, որոնցից մեկը համաձայնություն է տվել, մյուսն էլ ստորագրել է խայտառակ հայտարարությունը, բայց այսօր չեն կարողանում պահել դրա ոչ մի կետը։ Ես չգիտեմ, թե ոնց են տվել, բայց, այո, լսել եմ, որ մերոնք դուրս են եկել այդ համայնքներից»։

Իսկ Վիտալի Բալասանյանը, ով այժմ համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, պաշտոն է ստացել, այս երկու համայնքների հարցում չի՞ կրում պատասխանատվություն։ Գալստյանն ասաց, որ ինքը վերջին օրերին Հայաստանում է եղել եւ հիմա Արցախ վերադարձի ճանապարհին է, չի խոսել Բալասանյանի հետ․ «Վիտալի Բալասանյանը, չգիտեմ՝ այդ պայմանագրի կետերը պահպանելու համար կրում է պատասխանատվություն, թե ոչ, ես տեղյակ չեմ, վերադառնում եմ, կխոսեմ»։

Դիտարկմանը, թե իշխանությանը մաս կազմելով՝ արդեն իսկ ստանձնել է պատասխանատվություն, Գալստյանը չհակադարձեց, միայն ասաց․ «Ես չեմ խոսել իր հետ, դրա համար եմ ասում, որ ինձ ոչինչ հայտնի չէ»: