ԵՄ-ն դրական է տրամադրված բրեքզիթի հարցով առեւտրային բանակցությունների հանդեպ. ՄԲ-ում այդքան էլ լավատես չեն

Բրեքզիթի հարցով Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն հայտարարել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման հարցով առեւտրային բանակցություններում առաջընթացի մասին, ընդ որում, Մեծ Բրիտանիայում հայտարարում են, որ կողմերը դեռ հեռու են համապատասխան համաձայնությունները կնքելուց,հաղորդում է Reuters-ը:

ԵՄ-ում տեղեկատվական գործակալության բարձրաստիճան անանուն աղբյուրը հայտարարել է, որ դեռ չեն լուծվել ձկնորսության հետ կապված տարաձայնությունները, բացի այդ, պետք է կարգավորել մի շարք այլ հարցեր:

Եվրախորհրդարանը հայտարարել է, որ կարող է այդ հարցով արտակարգ լիագումար նիստ անցկացնել դեկտեմբերի վերջին, եթե գործարքը կնքվի երկուշաբթի: Սակայն եթե դա տեղի չունենա, ապա, ԵՄ դիվանագետների խոսքով, բլոկը կարող է այն շրջանառության մեջ դնել հունվարի 1-ից առանց օրենսդիրների համաձայնության:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայում բարձրաստիճան աղբյուրը հայտնել է Reuters-ին, որ կողմերը դեռ «հեռու են միմյանցից առանցքային ոլորտներում»:

ՄԲ-ն մտել է ԵՄ-ի կազմի մեջ 1973 թվականին, պաշտոնապես լքել այն այս տարվա հունվարի 31-ին: Այժմ լրանում է ՄԲ-ի անցումային շրջանը, որի ընթացքում անփոփոխ են մնում առեւտրի, ճանապարհորդությունների եւ բիզնեսի կանոնները, ընդ որում, երկիրը մնում է ԵՄ Մաքսային միության եւ միասնական շուկայի կազմում: