Իրավապահ համակարգին հանձնարարված է. առաջիկայում ձերբակալություններ կլինեն․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ դեկտեմբերի 17-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «Առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում: Պատճառն այն է, որ ընդդիմությունն օրըստօրե թեժացնում է պայքարի ձևերը: Ու քանի որ դեռ իշխանությունը հանձնվելու որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է կոշտացնում անելիքները:

Նշենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքները, որոնք փաստորեն չեն սահմանափակվելու միայն երթերով և հանրահավաքներով: «Երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը, հայտարարվում է պայքարի ամենավճռական օր: Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների և անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին», – ասաց Սաղաթելյանը` այդ օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով:

Այս մարտավարության մասին լսելուց հետո,  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին արդեն հանձնարարություն է տրված զգոն լինել, փորձել այնպես անել, որ ձերբակալություններ լինեն, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդների մակարդակով, որպեսզի մինչ նախատեսված օրը ընդդիմադիր ուժերը առաջնորդներ չունենան՝ հույս ունենալով, որ պայքարն այդպես կթուլանա և շարունակություն չի ունենա»:

 «Ժամանակ» թերթը գրում է. «Լեոնիդ Ազգալդյանի անվան կամավորական ջոկատը պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մնալ դիրքերում։ Ջոկատի հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Լիսագորում են, դիրքերում, իրավիճակն էլ լարված է:

«Մենք մեր պոստերի վրա ենք, մեր պարտականությունն ենք կատարում։ Իրավիճակը շատ լարված է։ Ամբողջ գիշեր տղաները պոստում են, հսկողությունը ուժեղացրել ենք։ Սպասում ենք, որ ինչ-որ գործողություններ կարող են լինել, բայց դեռ բան չկա։ Հակառակորդի կողմից ամեն բան սպասելի է»,- ասաց Ավետիսյանը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Արցախի մնացորդների նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել: Խոսելով պատասխանատվության մասին՝ նա մասնավորաբար ասել է. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները:

Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»:

Այսպիսով ուղղակիորեն Արայիկ Հարությունյանը գնդակն ուղարկում է Նիկոլ Փաշինյանի դաշտ՝ մեղավորությունն ամբողջովին բարդելով նրա վրա: Այս ուղերձից անմիջապես հետո հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին, ուր վերջինս բառացիորեն ասում է հետևյալը. «Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: Սա ինքնապաշտպանության ամենացցուն օրինակն է: Ցավոք, Փաշինյանն այդպես էլ չի պատասխանում այն հարցին, թե ով է թիվ մեկ մեղավորը, եթե դա, այսպես կոչված, «գերագույն գլխավոր հրամանատարը չէ»:

Մի խոսքով, Արցախի և Հայաստանի ղեկավարների պաշտոնները դեռևս զբաղեցնող անձինք փաստացի «պինգ-պոնգ» են խաղում, Փաշինյանն էլ ամուր կառչած է աթոռին՝ դարձյալ վկայակոչելով ժողովրդին, իսկ այդ ընթացքում թշնամական երկիրը նորանոր լկտիություններ է թույլ տալիս, նոր գերիներ ենք ունենում, նոր տարածքներ ենք կորցնում, իսկ երկիրը բառիս բուն իմաստով սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ է:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանն իր ուղերձում խմբագրում է արել և նշել. «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»: Շատերի համոզմամբ, սա ևս հստակ ակնարկ է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրում տիրող անիշխանության, պետության բացակայության մասին մենք նորանոր ապացույցներ ենք ստանում։ Քանդված են գրեթե բոլոր պետական շղթաները, չեն գործում պետական կառույցները։ Արցախում շփոթ է։ Բայց ամենաողբերգականն այն է, որ մեր անվտանգության գլխավոր երաշխավորը՝ հայկական բանակը, կազմալուծված ու բարոյազրկված վիճակում է։

Բանակի և ՊՆ ղեկավարությունն անորոշության մեջ է՝ չգիտեն իրենց անելիքն ու չեն պատկերացնում ապագան։ Արցախում նոր գերիների ու նոր գյուղերի գրավման, մեր զորամասերի շրջափակման, Արցախում հանգիստ շրջող ադրբեջանցիների հետ կապված՝ ոչինչ չի ձեռնարկվում։

Մասնավորապես, ՀՀ իշխանությունն այլևս որևէ կերպ չի տնօրինում իրավիճակը, և ՀՀ ու Արցախի իշխանությունների միջև կապ չկա։

Նախօրեին, երբ ադրբեջանցիները ներխուժել են Հադրութի վերջին հատվածը և նոր գերիներ վերցրել, մեր տեղեկություններով, բանակի ղեկավարությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի հետ, որը դեռ շարունակում է բանակի գերագույն հրամանատարը համարվել, քանի որ ռազմական դրությունը դեռ վերացված չէ, և հրահանգ են խնդրել։ Նա ասել է․ ուզում եք՝ կռվեք, եթե ոչ՝ նահանջեք։

Այսինքն, որոշում կայացնելու պատասխանատվությունը թողել է զինուժի ղեկավարների վրա, որոնք կարծում են, որ այս պահին հարցին միայն քաղաքական լուծում կա։

Սակայն քաղաքական լուծումն էլ անհնարին է, քանի որ, ըստ մեր աղբյուրների, վերջին օրերին ՀՀ վարչապետը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ և միջամտություն խնդրել, սակայն Վլ․ Պուտինը կապի դուրս չի եկել»: