Կառավարությունը չհաստատեց ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները. հակասություններ կային

Կառավարությունն այսօր չհաստատեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Դիանա Ռոբերտի Գալոյանի ընտրության արդյունքները:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ մասնակցել է երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը: «Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր դեկտեմբերի 17-ն է և ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին եղել են ընտրություններ՝ ըստ նախապես հայտարարված մրցույթի»,-ասաց  ա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց. «Մասնավորապես՝ դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների արդյունքները կասեցնել։ Ինքս խորհրդի անդամ եմ և կարծում եմ, որ այս հարցի շուրջ հավելյալ ուսումնասիրության կարիք կա։ Համաձայն եմ, որ 5 ամիսը բավականին երկար ժամկետ է, քանի որ խաթարվում է կրթական գործընթացը, սակայն մյուս կողմից դատարանի որոշումը հնարավոր է առաջիկայում այդ որոշման մեջ փոփոխություն մտցնի»,-ասաց նա:

Վահրամ Դումանյանն էլ, հակադարձելով, նշեց, որ այն կարծիքին չէ, որ կառավարության նիստին պետք է քննարկեն դատարանների որոշումների հետ կապված հարցերը. «Մենք այստեղ պարտավոր ենք քննարկել այն փաստը, ինչն այսօր դրված է սեղանին։ Բուհը երկար ժամանակ սպասում է որոշման՝ կա՛մ այո, կա՛մ ոչ։ Ոչ-ի հիմք, ես պնդում եմ, այս պահին գոյություն չունի»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ամփոփելով, ասաց, որ քանի որ հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայման տեղի կունենա աշխատակազմում: «Այս փուլում հարցը կհանենք, քննարկումը կհանենք, կարճ ժամկետում, եթե իրավական տեսանկյունից այլ հարց չառաջանա, կհաստատենք»,-ասաց նա: