Արցախի կառավարության կառուցվածքում փոփոխություններ կլինեն․ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին:

Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն.

7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.

8) պաշտպանության նախարարություն.

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.

10) քաղաքաշինության նախարարություն.

11) ֆինանսների նախարարություն:

Նշենք, որ նոր կառուցվածքով նախկին 12 նախարարության փոխարեն կմնա փաստորեն 10 նախարարություն։ Նոր կառուցվածքով միմյանց են միացվում Գյուղատնտեսության նախարարությունը և Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ նոր նախարարությունը կոչվում է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն։ Վերացվում է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն։

Արցախի Հանրապետության պետական նախարարի լիազորություններն այսուհետ իրականացնելու է ԱՀ ֆինանսների նախարարը։

Իսկ ԱՀ պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ՝

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

4) ոստիկանություն.

5) պետական եկամուտների կոմիտե:

ԱՀ կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

Նշենք, որ պետական կառավարման այլ մարմիններից վերացվում են Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտեն, Բնապահպանության կոմիտեն և Պետական վերահսկողական ծառայությունը։