«ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը կարևոր է ամբողջ ԱՊՀ-ում կայունության համար». Ուզբեկստանի նախագահ

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզիյոևն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ստորագրված պայմանավորվածությունը: Այն մեծ նշանակություն ունի ԱՊՀ ամբողջ տարածքում կայունության և կայուն զարգացման համար»,- ասել է նախագահը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ: