Հայտնի է՝ ինչու են հայկական ուժերը դիրքերից հետ իջել. իրավիճակը Սյունիքում․ Մամուլն այսօր

Ձեզ ենք ներկայացնում այսօր՝ դեկտեմբերի 18-ին լույս տեսած մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ ամբողջ օրը, լարված իրավիճակ էր ՀՀ Սյունիքի մարզում: Վաղ առավոտից սյունեցիները, մի քանի համայնքների ղեկավարներ փակել էին Երևան-Կապան ավտոճանապարհը, բացատրություն էին պահանջում, թե ինչ անվտանգության երաշխիքներ են իրենց տրվելու, և ինչ է սպասվում առաջիկայում, երբ իրենց կհրահանգվի հարակից բարձունքները հանձնել թշնամուն:

Իրավիճակն ավելի լարվեց այն ժամանակ, երբ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարեց, թե այսօր Կապանի և 13 գյուղերի բարձունքները հանձնելու են Ադրբեջանին, ինչի համար ժամանակ է տրված մինչև այսօր՝ 17:00-ն: Իսկ ի՞նչ դիրքերի մասին է խոսքը:

«ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտնի ոչ հայանպաստ հայտարարության օրը՝ դեռ մինչև փաստաթղթի ստորագրումը, հայկական կողմը նպաստավոր պայմաններով դիրքավորվել է: Եվ, ահա, այսօր, երբ պետք է արդեն սահմանազատման աշխատանքներ իրականացվեն, ստացվել է այնպես, որ հայկական ուժերն ավելի առաջ են կանգնած, քան պետք է, և դիրքերից հետ իջնելը դրանով է պայմանավորված:

Խոսքը Կուբաթլուի և Զանգելանի հատվածների մասին է, որի շուրջ էլ սպասվող լարվածության մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը տեղի ունեցած անվտանգության խորհրդի ժամանակ:

Երեկ սյունեցիներին հանդիպել է նաև նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, փորձել բացատրել իրավիճակը, ներկայացրել, թե ինչ է լինելու այդ հատվածներում: Իսկ, ահա, նախկին փոխմարզպետ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտել է. «Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։ ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով (նաև Գորիս_Կապան մայրուղի):

Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Մնում է սպասել՝ ինչ կլինի այսօր և հետագայում, սակայն չի բացառվում՝ մինչ 17:00-ն Սյունիքում կրկին լարված լինի: Նշենք, որ պաշտպանության նախարարը Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին վստահեցրեց, որ ՀՀ տարածքներից որևէ մետր չի զիջվելու»:

 «Ժամանակ» թերթը գրում է. ««Իշխանության ներսում քննարկվում է անհնազանդ ու քաղաքական ավելորդ ակտիվություն դրսևորող համայնքապետերին պատժելու հարցը:

Շատերը համարում են, որ նրանց լռեցնելու տարբերակ կարող է լինել կառավարության կողմից անվստահություն հայտնելը կամ քրեական գործերի հարուցման միջոցով հրաժարական պարտադրելը: Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն քաղաքական իրավիճակի կայունացման դեպքում, քանի որ այս պահին նման կտրուկ միջոցները կարող են հանգեցնել հակառակ արդյունքի, մասնավորապես նրանց դրդել ավելի ակտիվ հակաիշխանական գործունեության»:

«Իրատես» թերթը գրում է. «Արցախը 5 մրդ դոլարով ծախելու վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի աղմկահարույց հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը չի հերքում։ Իսկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ հաստատեց, որ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպում եղել է, բայց փակագծերը չբացեց, իսկ մեզ բավականին հետաքրքիր մանրամասն հայտնի դարձավ դարի այս գործարք-խայտառակությունից։

Մեր տեղեկություններով՝ երբ Արթուր Վանեցյանն իմացել է ծրարի բովանդակության և վարչապետի՝ այն հաճույքով ընդունելու փաստի մասին, իշխանության որոշ բարձրաստիճան դեմքերի հետ փորձել է մտնել Փաշինյանի աշխատասենյակ և ձերբակալել նրան։

Թե ինչու այդ գործողությունը ԱԱԾ նախկին տնօրենը չի իրականացրել, մեր աղբյուրը չմանրամասնեց, բայց ակնհայտ է, որ ձերբակալելու համար ազգային անվտանգության տնօրենն առնվազն հիմնավոր փաստարկներ է ունեցել»:

Մեկ այլ հրապարակմամբ թերթը գրում է, թե «Այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում և այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաև «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ այս օրերին նրանք խոսում են բռնություն թույլ չտալու մասին։ Եվ սա ասում է մի ուժ, որն ահաբեկչական գործողություն արեց ՊՊԾ գնդում՝ դառնալով 3 ոստիկանի սպանության պատճառ։ Ասում են նաև՝ այս շրջանակի կողմից հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում, և, չնայած Փաշինյանի՝ արտաքուստ «կոշիկ լիզելու» ռուսասիրական դրսևորումներին, նրա գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված հարց է»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հատուկ ջանքեր է գործադրում՝ շաբաթ օրվա երթը հնարավորինս մարդաշատ անելու համար։ Հրահանգվել է մարզպետներին՝ ավտոբուսներով մարդիկ տեղափոխել Հանրապետության հրապարակ, որտեղից կմեկնարկի Եռաբլուր քայլերթը։

Լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլ»-ի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր վաղեմի ընկեր՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի հետ եւս դրանով է զբաղված: Ներգրավում են պատերազմի այն մասնակիցներին, ովքեր ինչ-որ խախտումներ ունեն՝ նահանջել են կամ հարկադրված թողել դիրքը։ Սպառնում են, որ դասալքության հիմքով քրեական գործեր կհարուցեն, եթե դեկտեմբերի 19-ի երթին չգան։

Ինչ վերաբերում է երթը Փաշինյանի կողմից առաջնորդելուն, ասում են, որ դա կախված կլինի այն բանից, թե որքան մարդ կհավաքվի, եթե մի քանի հազար, ապա Փաշինյանը, թեկուզ վերջին պահին, կիջնի կառավարության իր կաբինետից, կառաջնորդի երթը՝  հանրությանը ցուցադրելով, որ այդքան աջակիցներ ունի, եւ հենց դա է «ժողովուրդը»։ Իսկ եթե ոչ, ապա բազում հարգելի պատճառներ կբերվեն։ Չնայած հոր թաղումը կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 18-ին»: