Քննարկվել են ճանապարհների ձմեռային սպասարկմանն առնչվող հարցեր. շուրջօրյա հերթապահություն է իրականացվում

ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում‚ որի ընթացքում կազմակերպության ճանապարհների պահպանման և շահագործման մոնիթորինգի մասնագետների հետ քննարկվել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման հետ կապված հարցեր։

Մասնագետները ըստ մարզերի ներկայացրել են ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով‚ որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին 34 ճանապարհաշինական կազմակերպություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն` կատարելով ձնամաքրման‚ աղով և ավազով մշակման աշխատանքներ։ Տեղեկացվել է‚ որ ամբողջ գիշեր ճանապարհաշինարարներն աշխատում են՝ լուսաբացին մերկասառույցից խուսափելու և ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար։

Խորեն Գրիգորյանը կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների մշտական այցերը մարզեր և տեղերում ձմեռային սպասարկման աշխատանքների դիտարկումները։ Քննարկմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությանն առնչվող հարցերի։

Ճանապարհային դեպարտամենտում նման հանդիպումները տեղի են ունենում պարբերաբար‚ որպեսզի ձմեռային սպասարկման ընթացքում առաջացած բոլոր խնդիրներին տրվի արագ արձագանքում։

Նշենք‚ որ հանրապետությունում միջպետական և հանրապետական ճանապարհների անցանելիության վիճակի մասին տեղեկություն ստանալու համար ճանապարհ դուրս գալուց առաջ բոլոր քաղաքացիները, վարորդները կարող են զանգահարել Ճանապարհային դեպարտամենտում գործող թեժ գծին՝ 010-56-25-33 հեռախոսահամարով: Այստեղ 24 ժամ շարունակ հերթապահ օպերատորները ստանում և փոխանցում են տեղեկատվություն ավտոճանապարհների բաց կամ փակ, դժվարանցանելի լինելու մասին: