Մուրադովը հաստատել է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը. պատգամավոր

Խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Վարդանյանը:

«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյան / Sofya Hovsepyan-ի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։

Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։